ՌԴ-ն ՀՀ-ին այնպիսի զինատեսակներ է վաճառում, որ որևէ այլ երկրի չի վաճառել. Կալաշնիկով

Ռուսաստանը Հայաստանին այնպիսի զինատեսակներ է վաճառում, որոնք երբեք որևէ այլ երկրի չի վաճառել: Այս մասին Երևանում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում լրագրողներին ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ արձագանքելով լրագրողների՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դիտարկմանը:


Պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև իր դաշնակիցներին ու գործընկերներին,  որոնց թվում է նաև Հայաստանը.


«Բայց Հայաստանին վաճառում է ավելի շատ և այնպիսի զինատեսակներ, որոնք երբեք չի վաճառում այլ երկրների»,- հավաստիացրեց Կալաշնիկովը:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի 50 նոր AK-12 ավտոմատ: Ըստ այդմ, Հայաստանը կլինի առաջին օտարերկրյա պետությունը, որն AK-12 է գնում:


Հիշեցնենք նաև, որ 2018-ի օգոստոսին հայկական Royalsys Engineering Ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը եւ «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել AK-12 եւ AK-15 ավտոմատների նոր օրինակներ արտադրելու վերաբերյալ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55469