ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ սահմանափակումների ցանկում հավելելով Իրանի շինարարական հատվածը եւ արգելք դնելով մի շարք նյութերի մատակարարումների վրա, որոնք կարող են օգտագործվել միջուկային եւ հրթիռային ծրագրերի համար, նշված է ուրբաթ տարածված Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:


«Պետքարտուղար Մայք Պոմպեոն շարունակում է սահմանափակումներ մտցնել իրանական ռեժիմի միջուկային ծրագրի դեմ: Այս որոշումը կօգնի պահպանել Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի հսկողությունը, նվազեցնել տարածման ռիսկերը, սահմանափակել Իրանի հնարավորությունը կրճատելու միջուկային զենք ձեռք բերելու «առաջընթացի ժամանակը» եւ թույլ չտալ, որ ռեժիմը տարածման նպատակով օբյեկտները վերամասնագիտացնի»,- ասված է փաստաթղթում:


Իրանի շինարարական հատվածը պատժամիջոցների է ենթարկվում, քանի որ Վաշինգտոնի կարծիքով՝ «ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»: Սրա հետ կապված արգելվում է Իրանին չմշակված կամ կիսամշակված մետաղների, գրաֆիտիի, ածխի եւ այդ հատվածի համար ծրագրային ապահովման վաճառքը, մատակարարումը կամ փոխանցումը:


Դրանից բացի, արգելվում է նյութերի 4 տեսակի մատակարարումը (պողպատե խողովակների, փայլաթիթեղի տարատեսակներ եւ այլն), որոնք, ԱՄՆ կարծիքով, կարող են օգտագործվել միջուկային կամ հրթիռային ծրագրերում:


Պետքարտուղարությունը միաժամանակ երկարաձգել է բացառությունների գործողության ժամկետը, որոնք Ռուսաստանին, Չինաստանին եւ եվրոպական երկրներին թույլ են տալիս շարունակել աշխատանքը իրանական միջուկային օբյեկտներում, ինչը Թեհրանին թույլ չի տա այդ օբյեկտներն օգտագործել միջուկային մշակումների համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55293