Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Չմիավորման Շարժման ամփոփիչ փաստաթղթում առկա ձևակերպումները

Հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:


Գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումները հակասում են անկողմնակալության ու անաչառության սկզբունքին և միտված են միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի խափանմանը։


Ֆորումի Ամփոփիչ փաստաթղթի տեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տրամաբանությանը հակասող դրույթներ ներառելու նպատակով Ադրբեջանի՝ իր ընդունող կողմի կարգավիճակի չարաշահումը ոչ այլ ինչ է, քան Շարժման նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։


Ափսոսանք է առաջացնում այն, որ Չմիավորման շարժումն Ադրբեջանին թույլ է տալիս օգտագործել կազմակերպության հարթակը հակահայկական քարոզչության և Շարժման նպատակներին ու սկզբունքներին չհամապատասխանող արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման համար։


Կոչ ենք անում Չմիավորման շարժման անդամ պետություններին, որոնց մեծամասնությունն անկախություն և ինքնիշխանություն է ձեռք բերել ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, հավատարիմ մնալ իրենց իդեալներին ու Շարժման ոգուն և հարգանք ցուցաբերել Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման ու զարգացման իրավունքի իրացման փաստի հանդեպ։


Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Բաքվում կայացած Չմիավորման Շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթաժողովում ընդունված Եզրափակիչ փաստաթղթում ղարաբաղյան հակամարտությունը խեղաթյուրող ձևակերպումները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55163