Մամուլ. Վահե Գրիգորյանը խոստացավ պարզաբանել՝ ինչո՞ւ է աշխատավարձ ստանում ոչինչ չանելով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դեռ չի ստացել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը՝ ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական դրդապատճառները ներկայացնելու վերաբերյալ։ Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ դիմումին ծանոթանալուց հետո խոստանում է հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին ուղղած իր դիմումը, որտեղ մասնավորապես Գրիգորյանին կոչ է անում պարզաբանել ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը: «Վերջին շրջանում մամուլում հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այլ պատգամավորներ քննարկում են այդ հիմքով Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը: Այս խնդիրը պարզաբանելու, ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական դրդապատճառները ներկայացնելու կոչով այսօր պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին»,- ասված է Բաբաջանյանի գրառման մեջ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել ո՛չ Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելությամբ, ո՛չ էլ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ԱԺ բակի հուշակոթողին այցելությամբ: Թե ինչու, փորձեցինք պարզել Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Խոսնակ Մուսինյանը կարճ հաստատեց. «Այո, չի գնացել, չի գնացել, այդքան բան»: Հիշեցնենք, սակայն, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության լիդերն էր համարվում, պարտաճանաչ այցելում էր՝ հարգանքի տուրք մատուցելով, իր գաղափարական հավատարմությունն ի ցույց դնելով: Հիմա դեռեւս քաղաքական շահաբաժիններն այս հարցում հստակ բյուրեղացած չեն, ու Տեր-Պետրոսյանն իր այդ հավատարմությունն ասպարեզ բերելու հիմքերը թերեւս դեռ չունի: ԱԺ հուշակոթողին, ի դեպ, չի այցելել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց նա, մեր տեղեկություններով, հոկտեմբերի 27-ին` ժամը 18-18.30 սահմաններում, Եռաբլուր է գնացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովն ասաց. «Սերժ Սարգսյանն այցելել է իր ընկերոջ շիրիմին, իսկ Աժ հուշարձանին գնացել ենք մենք՝ ՀՀԿ-ականներով»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, 2000թ. զբաղեցնելով բնապահպանության փոխնախարարի պաշտոնը, 2000թ. դեկտեմբերի 11-ին հիմնել է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն և զբաղվել ոսկու արդյունահանմամբ հիմնականում Մելիքգյուղի և այլ բնակավայրերի հանքավայրերից։ Ուշագրավ է, որ երբ Հրայր Թովմասյանը արդարադատության նախարարի պաշտոնին է նշանակվում, «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Արամ Միրզոյանը, ով միաժամանակ եղել է նաև նույն նախարարության փորձագիտական վարչության պետը։ Այսինքն՝ Հրայր Թովմասյանը ռեգիստրում դե յուրե դադարեցնելով իր մասնակցությունը ոսկու արդյունահանմամբ զբաղվող ՍՊԸ-ում, ղեկավար է նշանակել իր վստահելիներից մեկին, որին իր հետ նաև նախարարություն էր տարել՝ դե ֆակտո շարունակելով ղեկավարել «Մեգո գոլդ»-ը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման։ Հատ-հատ աշխատում էին լրագրողների վրա, գայթակղիչ առաջարկներ էին անում, որ իմանան, թե իրենցից ով է ինֆորմացիա տալիս, սակայն արդյունքը զրո է։ «Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի, որը, ըստ իշխանականների, ավելի ապահով է։ Նրանց թվում է, թե արտահոսքը կազմակերպվել է «սքրին շոթերով»՝ իրենց խոսակցության «չաթից», եւ Տելեգրամը կբացահայտի, թե ով է «դավաճանը»։ Ի դեպ, հույժ կարեւոր ինֆորմացիան այժմ քննարկում են նեղ կազմով՝ Մակունց, Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, եւս մի քանի հոգի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «BBC լրատվական ծառայության HardTalk հաղորդմանը տված հարցազրույցից հետո դարձյալ ուշադրության կենտրոնում էր հայտնվել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, գերազանցապես՝ քննադատական առումով։ Բնականաբար, այս գործում առաջատարը քաղաքական դաշտի «սեւ» սեգմենտն էր, որը, քարը քարին չթողնելով, «գնդակոծում» էր նախարարին, սակայն դա միայն առաջին հայացքից էր այդպես։ Հատկանշական է այն, որ տեղեկատվական դաշտում, ինչքան էլ թույլ է իշխանությունների ընդհանուր պաշտպանական վիճակը, մեծ հաշվով նրանք «վիզ չդրեցին» Մնացականյանի պաշտպանության հարցում։ Իշխանական մի քանի պատգամավորների պրիմիտիվ ու «գալոչկայի» համար արված գրառումներից զատ, ուրիշ ոչ մի կոնկրետ ու բացահայտ քայլ չնկատվեց։ «Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական «ագիտպրոպին» քարոզչության «վերեւից» հանձնարարություն չի իջեցվել, որպեսզի լծվեն ԱԳ նախարարի պաշտպանությանը՝ մտածելով, որ կարող են այս առիթից օգտվել եւ խաղից հանել Մնացականյանին։ Թերթին տեղեկություններ են հասել, որ ԱԳ նախարարի «պոստում» Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է տեսնել այլ անձնավորության, եւ հենց նրան է փորձում խցկել այդտեղ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հովհաննես Իգիթյանի շուրջ սագան ոչ մի կերպ չի ավարտվում: «Պատճառն այն է, որ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը բացասական է տրամադրված Իգիթյանի նկատմամբ եւ մյուսներին էլ տրամադրում է Տեր-Պետրոսյանի ժամանակ արտաքին կապերի համակարգմամբ զբաղված Իգիթյանի դեմ, անում է ամեն ինչ, որ նրան դուրս թողնեն ԵԽԽՎ պատվիրակության կազմից, իսկ նա էլ, թարսի պես, հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ չեն կիսում միմյանց հետ։ «Բանն այն է, որ արտաքին քաղաքական հարցերում Արարատ Միրզոյանի միակ խորհրդատուն Իգիթյանն է, նա է աչքի անցկացնում Միրզոյանի՝ դրսում արտաբերվելիք ելույթները՝ որպես էդ կողմերում երկար կռված մեկը, այցերից առաջ Իգիթյանն է նրան բացատրում` ով ով է, ում հետ ինչպես պետք է վերաբերվել։ Ռուբինյանն այդ ամենից դիսկոմֆորտ է ապրում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը կայացել է արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքը: Փեսացուն դատախազության համակարգից է: Ծանոթացել են ասպիրանտուրայում ուսանելու տարիներին: Հարսանիքը տեղի է ունեցել Prime Hall համալիրում, պսակադրության արարողությունը՝ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Մեր տեղեկություններով՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ չեն մասնակցել: Նվագել է Երվանդ Երզնկյանի նվագախումբը, երգել են այսօր ամենապահանջված երգիչներ Գարիկն ու Սոնան, Արամեն եւ Անդրանիկ Սարկավագը՝ «Գաթա» բենդով: Հարսանիքի հանդիսավարներն են եղել «Արմքոմեդիի» Սերգեյը եւ Woman`s Club-ի Տոման: Անցած շաբաթ կայացել է նաեւ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու հարսանիքը։ Նրա հետ մի քանի տարի առաջ դժբախտ պատահար էր եղել՝ հրազենից վիրավորվել էր, բուժվելու ընթացքում երիտասարդը հիվանդանոցում ծանոթացել է բժիշկ-պրակտիկանտուհու հետ, սիրահարվել եւ ամուսնության առաջարկ արել։ Հարսանիքը կայացել է «Ֆլորենսում», մասնակցել են նաեւ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում: Աբսուրդի առաջին արարն այն էր, որ վարչապետի ոչ անհայտ «կոռուպցիոնագետ» Արեն Մկրտչյանի «պասով»` «Վիոլա ջրի» սկանդալային բացահայտումների հետ կապված գործ հարուցվեց ՀՔԾՀ-ի պետի, նրա 7 աշխատակիցների «նկատմամբ»`առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու եւ ստանալու առնչությամբ: Աբսուրդի երկրորդ արարն այն էր, որ Գարեգին Բաղրամյանը, որն անցնում էր այդ գործով, դարձավ նույն ՀՔԾՀ-ի պետ, իսկ նույն գործում հիշատակվող անձինք` Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը՝ նույն ՀՔԾՀ-ի անդամներ: Սա նշանակում է, որ կա՛մ Արեն Մկրտչյանը սուտ էր խոսում, կա՛մ իրենց ռեժիմը սիրում է կոռումպացվածներին: Երրորդ արարն էլ այն է, որ այս նույն մարդիկ այդ սկանդալային բացահայտումներից հետո ոչ միայն մնացել են բարձր պաշտոններում, ավելին` «հավատաքննություն» են իրականացնում այլ գործարարների հանդեպ. հետաքրքիր է՝ նախկին «սկզբունքներին» հավատարի՞մ, թե՞ քաղաքական «պատվերների» լույսի ներքո, «ազնիվ-անաչառ», ինչպես «Վիոլա ջրի» դեպքում»:


«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի ներկա իշխանությունները Ռուսաստանի հետ սոսկ խոսքով էին հարաբերություններ կառուցում, այնտեղ շարունակում են չհավատալ երեկ ռուսատյաց, այսօր ռուսասեր ՀՀ առանցքային դեմքերին: Մեր տեղեկություններով, վերջերս արտախորհրդարանական որոշ գործիչների հետ ռուս դիվանագետների մի հանդիպման ժամանակ ռուսները դժգոհել են ՀՀ իշխանություններից, ընդգծելով, որ խնդիրը ոչ թե իրենց հավատարմության երդում տալն է, այլ այն դարավոր կապը չփչացնելը, որ կա հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ: Ավելին, նրանք խոստովանել են, որ այդ հարաբերությունների պահպանման համար համատեղ ներդրում պիտի անել, մինչդեռ այսօր հայկական կողմը միայն պահանջողի դիրքերից է հանդես գալիս»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի ընկերոջ՝ քանդակագործ Մարտին Կակոսյանի որդին առաջարկում է Սասունցի Դավթի արձանը Երևանի երկաթուղային կայարանից տեղափոխել Հանրապետության հրապարակ: Մարտին Կակոսյանի որդին՝ Կարեն Կակոսյանը, շուրջ 30 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում: Կարճ ժամանակով հայրենիքին ու հարազատներին այցելության եկած Կակոսյանը նախքան ԱՄՆ-ը վերադառնալը մեծ ցանկություն ունի Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու թույլտվություն ստանալ: Նա պատրաստակամություն է հայտնում իր վրա վերցնել արձանի նախ վերանորոգման (դրա կարիքն, ըստ մեր զրուցակցի, քանդակն իսկապես ունի), ապա տեղափոխման բոլոր ծախսերը: Քանդակագործի որդին անկեղծացավ, որ չի պատկերացնում, թե այդ գործընթացը կազմակերպելու համար ում պետք է դիմի և ինչից սկսի: Նա արձանի տեղափոխման համար պատրաստ է ընտանիքի հետ միասին աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ կազմակերպչական բոլոր առումներով, եթե իհարկե՝ ստանա Քոչարի ժառանգների, համապատասխան գերատեսչությունների թույլտվությունն ու հասարակության դրական կարծիքը: «Սա այնպիսի հարց է, որը ազգային որոշմամբ պիտի լինի: Սասունցի Դավթի արձանը մեր ազգի պատկերն է, մեր հոգին է, նրա տեղը Թամանյանական հրապարակում է, որպես մեր ազգի խորհրդանիշ»,- նկատեց քանդակագործի որդին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին տեղի է ունենալու ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները: Նիստում քննարկվելու են ՀՀ-ում ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ առկա կարծրատիպերը եւ դրանց հաղթահարման հնարավորությունները: ԵԽ ներկայացուցիչները ներկայացնելու են Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Հայաստան: ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները նույն օրը ժամը 13։00-ին հանդիպում են ունենալու ԱԺ մարդու իրավունքների, պետաիրավական հարցերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ, քննարկելու են Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու ժամկետները: Մեր աղբյուրներն ասում են, որ եվրոպացի պաշտոնյաները ներկայացնելու են հայ հասարակության շրջանում կոնվենցիայի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը չեզոքացնելու տարբերակները եւ նպատակ ունեն արագացնել կոնվենցիայի վավերացումը: Այս հարցը, ի դեպ, քննարկվել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ երեկ կայացած հանդիպման ընթացքում: Միրզոյանը թեեւ ներկայացրել է, որ հասարակությունը մեծ մասամբ դեմ է կոնվենցիայի վավերացմանը, սակայն նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Միրզոյանը նշել է, որ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանը հոկտեմբերի 31-ի նիստում քննարկելու է Սամվել Բաբայանի կողմնակիցների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանի հիմնական քաղաքական ուժերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել մերժելու 20 հազար ստորագրություն ստացած այդ նախագիծը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55098