«Ազգային անհամերաշխության խորհուրդ». Սորոսի կադրը դելեգիտիմացնում է Հայաստանն ու Արցախը

Երկու տեղ է մնացել, որտեղով Սերժ Սարգսյանը փորձում է ներկայիս իշխանությանը հարվածներ հասցնել: Մեկը Սահմանադրական դատարանն է, իսկ մյուսը՝ Ստեփանակերտի միջոցով է: Ի դեպ, այդ խմբակի ողբերգությունն էլ է այս պահին այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում: «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


ՀՀ նոր իշխանությունները շարունակում են պետական ինստիտուտների դելեգիտիմիզացիայի գործընթացը՝ Սահմանադրական դատարանը համարելով նախկին իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի գործիքներից մեկն ընդդեմ այսօրվա իշխանությունների:


Անկախ այն հանգամանքից, թե ով է ՍԴ այսօրվա նախագահն ու ինչպիսի վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանը նրա նկատմամբ շատ վտանգավոր է մի ամբողջ կարևորագույն պետական ու իրավական ինստիտուտ, ինչպիսին ՍԴ-ն է, համարել գործիք Սերժ Սարգսյանի ձեռքում: Եվ սա այն պարագայում, երբ վերջինս հեռացել է ակտիվ քաղաքականությունից ու դժվար է հիմնավորել, թե ինչպես նա կարող է ազդել ՍԴ-ի վրա ու ինչով է ՍԴ-ն սպառնում այսօրվա իշխող էլիտային այն պարագայում, երբ Փաշինյանն ու թիմն ունեն տոտալ իշխանություն՝ կառավարություն, ԱԺ, ուժային կառույցներ, էլեկտորատի մի ստվար հատված և այլն:


Սակայն ամենավտանգավոր մեսիջը, որը հղում է ԱԱԽ քարտուղարը, ով պետք է առաջին հերթին մտածի ՀՀ ու Արցախի անվտանգության ամրապնդման մասին, դա Ստեփանակերտը մեղադրելն է այսօրվա հայաստանյան իշխանություններին հարվածելու մեջ:


Բացահայտ ցուցադրել առկա հակասությունները Փաշինյանի ու ղարաբաղյան իշխանությունների հետ նշանակում է կանաչ լույս վառել Ադրբեջանի համար՝ պատերազմ սկսիր: Բաքուն տեսնում ամեն ինչ, ինչ կատարվում է Հայաստանում ու Արցախում ու Երևան-Ստեփանակերտ տարաձայնություններն ու բացահայտ փոխադարձ մեղադրանքները նրա համար լավագույն շանսն են ռազմական ագրեսիա սկսելու համար: Միասնության խաթարումը միշտ հանգեցնում է ցավալի հետևանքների՝ հայոց պատմությունը լի է այդպիսի նախադեպերով:


ԱԱԽ քարտուղարը ՍԴ ու ԼՂՀ-ի իշխանություններին ու ղարաբաղյան գեներալիտետի այն հատվածին՝ Վիտալի Բալասանյան և այլն, ովքեր կոշտ քննադատում են Նիկոլ Փաշինյանին, անվանում է խմբակ: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պատերազմ են հաղթել ու իրենց արյան գնով ազատագրել են 12.000 քկմ տարածք: Այսպիսի հայտարարությունները կարող են օգտագործվել Բաքվի քարոզչամեքենայի կողմից, ովքեր Արցախի իշխանություններին ու հաղթած գեներալներին անվանում են ռազմական խունտա, դաշտային հրամանատարներ և հանցագործ ռեժիմ:


Արցախ-ՀՀ հակասությունների սրումն ու Արցախի էլիտաներին Սերժ Սարգսյանի ձեռքում գործիք ու խմբակ անվանելը խորացնում է ՀՀ-Արցախ անդունդն ու միայն թուլացնում է Ադրբեջանի դեմ ամեն օր պատերազմ մղող Արցախի թիկունքը:


Պետական ինստիտուտների ու Արցախի իշխանությունների դելեգիտիմիզացիան մոտեցնելու են պատերազմի վտանգն ու խորացնելու բաժանարար գծերը, որն անթույլատրելի է՝ ներքաղաքական պայքարում չի կարելի օգտագործել Արցախն ու նրա ռազմա-քաղաքական էլիտային պիտակավորելը շատ վտանգավոր հետևանքներ են ունենալու երկու պետականությունների համար էլ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54731