Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ երկրների նախարարների հանդիպումը. ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների նախարարների հանդիպումը, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։


Նախարարը ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել կազմակերպության նախագահությունը ստանձնած Հունաստանի գործընկերներին՝ տարածաշրջանում բազմակողմանի տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:


Հակոբ Արշակյանը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության սկզբունքներին և նպատակներին, ընդգծել Կառավարության վճռականությունը `սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ անդամ պետությունների, գործընկերների, շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի հավակնոտ նպատակները հնարավոր լինի վերածելու շոշափելի արդյունքների:


Հակոբ Աշակյանը խոսել է տեխնոլոգիական փոփոխությունների աննախադեպ տեմպերի և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրա ազդեցության մասին: Նրա խոսքով՝ միջազգային հանրության և յուրաքանչյուր երկրի համար այդ առաջխաղացումն օգտագործելը իրական ուղի է՝ խաղաղություն, առաջընթաց, կայուն զարգացում ապահովելու համար:


Նախարարը նշել է, որ Հայաստանը ՍԾՏՀԿ-ում Տեղեկատվական և հաղորդակցման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է, որի աշխատանքներում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև կապերի հաստատումը բարձր տեխնոլոգիական ընկերությունների միջև:


Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականին։


Նա ընդգծել է այդ ուղղությամբ իրականացվող կամքն ու օրենսդրական փոփոխությունները, ինչի արդյունքում բարենպաստ պայմաններ են ստեղծվում ոլորտի առաջխաղացման, միջազգային ներդրումներ ապահովելու, տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման, նորաստեղծ ստարտափների գործունեությունը խթանելու ուղղությամբ:


Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերությունների հաջողությունների մասին՝ առանձնացնելով արդեն համաշխարհային ճանաչման հասած Հայաստանի տեխնոլոգիական այնպիսի ընկերությունների գործունեությունը, ինչպիսք են՝ «PicsArt»-ը, «Renderforest»-ը, «Softconstruct»-ը, «Joomag»-ը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Նախարարը տեղեկացրել է, որ «Թումո» կենտրոն բացելու ցանկություն են հայտնել Բուլղարիան, Գերմանիան և արդեն գործում են՝ Փարիզում, Մոսկվայում Լիբանանում ու մի շարք այլ երկրներում։


Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև կա համագործակցության լավ ներուժ և համատեղ ծրագրեր իրականացնելու լավ օրինակներ:


Ելույթ է ունեցել նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Հունաստան):


Նա նշել է, որ ուրախ է մասնակից լինելու և հետևելու, թե ինչ են ասում ամբողջ աշխարհից այստեղ եկած տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնորդները, փորձագետները, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները վերափոխել ու վերափոխում կյանքի ամեն մի բնագավառ։


Նա նաև ընդգծել է, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունները կարող են մեծ առավելություններ ունենալ տարածաշրջանային համագործակցության համար:


ՍԾՏՀ երկրների նախարարական պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների քաղաքական դիրքորոշումները քննարկվող թեմայի շուրջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53959