Փաշինյանը ՌԴ-ի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվի պրագմատիզմով

ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն համարվում են հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի և ռազմա-քաղաքական դաշնության այն հարթակները, որոնց միջոցով ՌԴ-ն ցանկանում է պահպանել իր գեոպոլիտիկ ազդեցությունն իր սահմանների երկայնքով: Ինչպիսին պետք է լինի ՀՀ-ի ցանկացած պրագմատիկ կառավարության քաղաքականությունն այդ հարթակների նկատմամբ և դրանց միջոցով իր երկկողմ կապերի զարգացումը Մոսկվայի հետ:


Տարիներ շարունակ ՀՀ-ի այսօրվա կառավարության բազմաթիվ անդամներ կոշտ քննադատության էին ենթարկում նախկին իշխանություններին ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցության և ՌԴ-ի հետ սերտ կապերի ամրապնդման համար, որն իբր վնասում է ՀՀ-ի սուվերենությանը:


Սակայն թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի այսօրվա իշխանությունները՝Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասկացան, որ առանց ՌԴ-ի հետ սերտ ռազմա-քաղաքական՝ՀԱՊԿ և ռուսական ռազմաբազա, ինչպես նաև տնտեսական՝ԵԱՏՄ և ռուսական ներդրումներ ու շուկա, ՀՀ-ն չի կարողանալու դիմագրավել սոցիալ-տնտեսական, դեմոգրաֆիկ, ռազմական այն մարտահրավերներին, որոնք առկա են ՀՀ-ի շուրջ և ինչը կարող է սպառնալ ՀՀ-ի ազգային անվտանգությանը:


Այսինքն, պրագմատիզմը պետք է լինի այն գեոպոլիտիկ ուղենիշը, որով պետք է առաջնորդվի Փաշինյանն ու նրա թիմը, իսկ հակառուսական տարբեր ակցիաներն ու ռուսաֆոբ տրամադրությունների տարածումը պետք է լինի սորոսական, արևմտամետ տարբեր գրանտակեր կազմակերպությունների, ՀԿ-ների այսպես կոչված աշխատանքը: Փաշինյանը պետք է զերծ մնա հակառուսական տարբեր հարթակներից, որոնք ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից, իսկ ռուսաֆոբությունն ՀՀ-ում՝Թուրքիա-Ադրբեջան տանդեմի առկայության պայմաններում, պետք է համարվի նոնսենս և մարգինալություն:


Փաշինյանն իշխանության գալուց հետո բազմաթիվ առիթներով շեշտել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթն ու այդ մեսիջն ընկալվել է Մոսկվայի կողմից, սակայն միայն հայտարարություններով այսօրվա ՀՀ իշխանությունները չպետք է սահմանափակվեն և ամեն ինչ անեն, որպեսզի ռուսական ներդրումները գան հայկական տնտեսություն,ինչպես նաև ռազմական կապերը բարձրանան նոր մակարդակի:


Նախաձեռնողականությունը հայ-ռուսական հարաբերությունները պետք է ելնի հենց հայկական կողմից՝Երևանի կողմից ՌԴ-ի հետ ռազմա-քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման ուղղության արվող իրական քայլերը կգտնեն իրենց արձագանքն ու ոչ մի արևմտամետ գրանտակեր կազմակերպություն չի կարող հարվածել այդ հարաբերություններին, որոնք պետք է պայմանավորված լինեն ոչ թե անձերով՝Փաշինյան և այլն, այլ ինստիտուցիոնալ բնույթ կրեն և հիմնվեն փոխադարձ շահերի վրա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53931