Գենի հետազոտություն անցնող թուրքերի մի մասը պարզում է, որ հայկական ծագում ունի

«Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են ացնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այդ տեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը, գրում է ermenihaber.am-ը:


Այդպիսի հետազոտություն անցած մարդկանց հետ զրուցած Էքինը պատմում է, թե ինչպես են գենետիկական ուսումնասիրության տեստը պատվիրվում. այդ ծառայությունը մատուցող ընկերությունները (Heritage, 23andme, Ancestry) հատուկ տուփ են ուղարկում, որի վրայի համարով պետք է գրանցվել ընկերության կայքում, ապա տեստը պատվիրողի թքի օրինակով տուփը պետք է հետ ուղարկել: Մեկ ամիս հետո պատասխանները ուղարկվում են տրված էլեկտրոնային հասցեին: Պատասխանների մեջ տեղեկություն է տրվում, թե հարցում անողը որ ռասայից է սերում ու այդ ռասային պատկանող ինչ ազգականներ ունի: Հավելավճարի դեպքում տրվում են նաև այլ տեղեկություններ, ինչպես օրինակ ինչ գենետիկական մակարդակում ինչ հիվանդության կրող է տվյալ անձը:


Թուրքիայի Բայբուրթ (պատմ. Բաբերդ) քաղաքում բնակվող Գյուլ Չելիքը, ով արտասահմանում գենի տեստ է պատվիրել, հեղինակին պատմել է, որ իր տոհմածառի մեջ հայտնաբերվել է մոնղոլական գեն, որին 1600-ականներին ավելացել է իտալական, 1700-ականներին հրեական, 1800-ականներին հայկական, իսկ հետո նաև հունական գեն:


«Մենք Բայբուրդից ենք, սակայն տեստը ցույց տվեց, որ հայ ենք: Ըստ տեստի՝ բավականաչափ իտալական  ու հունական արյուն էլ կա մեր մեջ: Մորական տատիկիս հարցրեցի, թե արդյոք մենք հայ ենք, տատիկս հրաժարվեց, ասաց՝ չկա այդպիսի բան: Մեր ընտանիքի մեծերը չուզեցան հավատալ տեստի արդյունքներին, ասացին, որ իրենք տեղյակ չեն իրենց հայկական գենի մասին: Ես նրանց ասացի, որ դա գիտական տեստ է, սակայն նրանք չցանկացան լսել ինձ»,- պատմել է Չելիքը:


Վերջինս պատմել է նաև, որ իր ամուսինն էլ պարզել է, որ հունական ծագում ունի, սակայն երբևէ ընտանիքում իր հույն լինելու մասին որևէ բան չի լսել, հույն ազգականներ չունի ու մեծացել է որպես մուսուլման թուրք:


Թուրքիայում ապրող մի մաթեմաթիկայի պրոֆեսոր էլ, ով չի ցանկացել իր անունը հրապարակել, պատմել է, որ ԱՄՆ-ում պատվիրած տեստի արդյունքում պարզել է, որ իր ընտանիքը նախ բնակվել է Տրապիզոնում, հետո Արդվինում, ապա Ռիզեում, որից հետո նոր եկել են Սամսուն: Այշե պայմանական անունով հանդես եկող մաթեմաթիկոսը նշել է, որ այդ հերթականությունը իրեն շատ է զարմացրել, քանի որ ինքն իմացել է, որ իրենք Ռիզեից են, սակայն ավելի ուշ իր ընտանիքի մեծերը հաստատել են, որ իրենց նախնիները Տրապիզոնից են:


«Արդյունքներից իմացա նաև նախնիներիս՝ որոշ ժամանակ Արդվինում բնակվելու մասին: Հիմա պարզ է, որ վրացական ծագումով տատիկս այնտեղից է (Արդվինի մի զգալի մասը ժամանակին կազմում էին վրացիները-խմբ.)»,- պատմել է Այշեն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53922