Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիա

Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:


Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ալեքսանդար Վուչիչի, վարչապետ Անա Բռնաբիչի, Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի, Սերբիայի Պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հանդիպումների ու քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին, հայ-սերբական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:


Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ երկրի գիտական, տեխնոլոգիական և կրթական հաստատություններ, ինչպես նաև հանդիպում Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:


Բելգրադում նախագահ Սարգսյանը կայցելի նաև 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող վթարված ինքնաթիռի սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարի մոտ, հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ կդնի Անհայտ հերոսի հուշարձանին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53837