Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցեր

Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը:


ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի, բարձր գնահատեցին տարբեր մակարդակներում հանդիպումների և շփումների պարբերականությունը: Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց Հայաստանում հյուրընկալվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի աշխատանքներին և դրանցում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությանը:


Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց տեղեկացրեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ դիրքորոշումների և մոտեցումների մասին: Երկուստեք կարևորվեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդումը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53571