Մեսիջ Փաշինյանին. Ադրբեջանը թեժացնում է ղարաբաղյան ճակատը

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: Այդ մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:


Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն կիրառել անօդաչուներն ընդդեմ Արցախի և ՀՀ-ի հետախուզություն իրականացնելու նպատակով:


Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակներով` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։


Ադրբեջան-Իսրայել ռազմա-տեխնիկական համագործակցության ամենակարևոր ոլորտներից մեկը հենց ԱԹՍ-ների համատեղ արտադրությունն է և Իսրայելի կողմից այդ տեխնոլոգիաների վաճառքը Բաքվին:


Ադրբեջանը քառօրյայից դասեր քաղելով հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը: Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու մարդկային` օդաչուների, ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։


Անօդաչուներն ապագա ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են հետախուզական` Արցախի խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։


Օրերս Արցախի ՊԲ ուժերը հետ էին մղել ադրբեջանական դիվերսիա: Կարելի է ենթադրել, որ այս գործողությունները՝ դիվերսիոն ներթափանցման փորձ (разведка боем) և անօդաչուներով հետախուզությունը միմյանց հետ փոխկապակցված են:


Բաքուն տեսնելով, որ մարդկային կորուստներ է կրում դիվերսիոն ներթափանցման ժամանակ և այլևս բարդ է այդպիսի ներթափանցումներ իրականացնելը, քանի որ հայկական ուժերն ամրապնդել են առաջնագիծն ու կահավորել խրամատները, սկսում է հետախուզություն իրականացնել անօդաչուների միջոցով:


Ակնայի ուղղությունը, որտեղ և իրականացնում էր հետախուզությունն ադրբեջանական անօդաչուն, համարվում է տանկային գրոհների համար հարմար ուղղություն (танкоопасное направление) և ապրիլյան քառօրյայի ընթացքում հենց Ակնայի ուղղությամբ դեպի Ստեփանակերտ պետք է իրականացվեր հիմնական հարվածը՝տանկերի օգտագործմամբ:


Հայկական ուժերը պետք է զգոն լինեն, քանի որ հետախուզությանը հաջորդում են ռազմական ավելի լայնածավալ գործողությունները:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53390