Պարսից ծոցում լուրջ հակամարտությունը ավերիչ հետեւանքներ կունենա աշխարհի համար․ Գուտերեշ

ՄԱԿ-ի փորձագետները մեկնել են Սաուդյան Արաբիա, որպեսզի հետաքննեն հանգստյան օրերին երկրի նավթային օբյեկտներում տեղի ունեցած պայթյունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ նախազգուշացնելով ճգնաժամի սրման դեպքում «ավերիչ» հետեւանքների մասին:

Նրա խոսքով, փորձագետներին հետաքննությունը սկսելու թույլտվություն է տրվել համաձայն Անվտանգության խորհրդի բանաձեւի, որը հավանության էր արժանացրել Իրանի հետ 2015թ․ կնքված միջուկային համաձայնագիրը։

ՄԱԿ փորձագետները «արդեն մեկնել են Սաուդյան Արաբիա եւ, ակնհայտ է, որ նրանք իրենց աշխատանքը կկատարեն ԱԽ-ի կողմից իրենց տրված մանդատի համաձայն»,- լրագրողներին ասել է Գուտերեշը՝ հավելելով, որ «վճռականորեն» դատապարտել է այդ հարձակումը։

«Ես կարծում եմ, որ այդ գրոհը Պարսից ծոցում դրամատիկ լարվածություն է, եւ ես համարում եմ, որ մեզ, անկասկած, անհրաժեշտ է դադարեցնել այդ լարվածությունը»,- ասել է նա։ «Եթե Պարսից ծոցում լուրջ հակամարտություն տեղի ունենա, դա ավերիչ հետեւանքներ կունենա տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար»,- հավելել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53041