Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.


Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից», - ասված է հրամանագրում:


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընթացող իր ասուլիսի ժամանակ հայտարարեց Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու միջնորդագիր ստորագրելու մասին: Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկավ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ «հրաժարականի որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։


Նա նաեւ նշում է պետական համակարգում որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մասին:


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարության մեջ կառավարության ղեկավարի գործունեությանն ուղղված անուղղակի քննադատությունը։


«Պարոն Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր ցանկացած հայտարարությունները», - արձագանքելով լրագրողի հարցին, հայտարարել է վարչապետը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52867