Դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել. Փաշինյան

Հայաստանում 2015 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Այս մասին Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Անդրադառնալով ՀՀ միջազգային պահուստներին, վարչապետն ասաց, որ պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչեւ օրս երբեք ավելի բարձր չի եղել: Նրա խոսքով, 2019 թվականի օգոստոսի դրությամբ դրանք կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարով:


Վարչապետն աճն ապահովող գործոններից առանձնացրեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։


«Միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք: 2013 թվականի ցուցանիշը կապված է եվրաբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և մեր պահուստում արձանագրել ենք: Հիմա, երբ եվրաբոնդերի նոր թողարկումը կիրականացնենք, մենք այդ պահից կունենանք Հայաստանի միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել»,- ասաց նա:


Վարչապետը գոհունակությամբ նշեց, որ 2018-2019 թվականների ընթացքում հարկային վարչարարության բարելավման հետևանքով արդեն իսկ զգալի կրճատվում են ստվերային տնտեսության չափերը և հարկեր-ՀՆԱ ցուցանիշի աճը վերջինիս լավագույն գնահատականներից մեկն է՝ ակնկալվում է, որ այն 2019 թվականին կավելանա 1.3-1.5 տոկոսային կետով՝ հասնելով 22.3-22.5 տոկոսի:


«2019 թվականի ընթացքում մենք կունենանք ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3 տոկոսային կետով կրճատում։ Հենց սա է մեզ հնարավորություններ բացում վերադարձնել նախկին պարտքերը, ավելացնել կապիտալ ներդրումները և գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52854