Մամուլ. Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու: ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապագան։ Թերթի զրուցակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը եւ որը Կարապետյանի շրջապատից է, հայտնել է, որ տեղի ունեցած նախնական մի քանի հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող որոշակի անհատներ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շահագրգիռ են Կարապետյանի այդ նախաձեռնության առումով եւ արդեն իսկ ընդունել են քննարկումների առաջարկը:Չի բացառվում, որ Կարապետյանի հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ լինեն նաեւ հանրության համար անակնկալ եւ անսպասելի դեմքեր»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Նիկոլ Փաշինյանի հորդորով հրաժարվել։ Լուրն արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց Հայաստանը փոքր երկիր է, եւ նման տեղեկությունները, որոնք, որպես կանոն, իրական են լինում, արագ են տարածվում։ Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականից, կառավարությանը մերձ շրջանակից մեզ ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին։ Ասացին, որ ոչ միայն Վանեցյանը, կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից։ Նման դիմումներ գրել են ե՛ւ փոխվարչապետերը, ե՛ւ նախարարները, ե՛ւ քաղաքապետը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ չէ՝ նա բռնկվող է, անհավասարակշիռ, զայրանալիս կարող է մարդուն վիրավորել, ասել՝ դիմում գրի, գնա։ Հետո պաղում է, երբեմն՝ փոշմանում, բայց դիմացինները ծանր են տանում այդ պահվածքը եւ փորձում են թողնել հեռանալ»:


«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի շահագործման թեման իշխանության ներսում լուրջ խառնաշփոթ է ստեղծել՝ նաեւ թիմի մեջ ձեւավորելով բավականին բեւեռացված մթնոլորտ: Սա տեսանելի է նաեւ, այսպես ասած, անզեն աչքով: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին տասնօրյակում տեղի ունեցած փակ քննարկումները, որոնց հիմնական թեման եղել է հանքի շահագործման հարցը, հատկապես պատգամավորական շրջանակներում բավականին լուրջ հակասություններ են առաջացրել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հատկապես թեժ է անցել վերջին քննարկումը, որտեղ պատգամավորներին բացահայտ ասվել է՝ «ուզեք, թե չուզեք, Ամուլսարը շահագործվելու է, նայեք՝ ոնց եք թեմայի հետ համակերպվում, իսկ մնացածը ձեր որոշելիքն է»: Ավելին, նրանց ակնարկվել է, որ պարզապես չեն հասկանում, որ «թեմայի հետ կապված դրսից նեղում են, չենք կարողանում դեմն առնել»:Ըստ տեղեկությունների, ներկայումս իշխանությունները Ամուլսարի հարցում բավական վճռական են տրամադրված եւ, ըստ ամենայնի, կփորձեն գոնե նախնական լուծումներ գտնել մինչեւ վարչապետի ԱՄՆ մեկնելը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշիnյանը հանդիպել է խմբակցության այն պատգամավորների հետ, որոնք, իր կարծիքով դժգոհություններ ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականությունից: Վարչապետը հորդորել է նրանց չհետեւել Առաքելյանի օրինակին, ոչ միայն մանդատը վայր չդնելու, այլ նաեւ խմբակցությունից դուրս չգալու հարցում, հավաստիացնելով, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը շատ ճիշտ է, ուղղակի ինքը չի կարող որոշ նրբություններ բացահայտել»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանին շնորհել ՀՀ հերոսի կոչում: «Հայոց արծիվների» նախագահը մեզ տեղեկացրեց, որ օրերս իրենք ստացել են նախագահականի պատասխանը, ըստ որի՝ ՀՀ հերոսի կոչում շնորհելու միջնորդությամբ կարող են հանդես գալ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ և ԲԴԽ նախագահները: «Այժմ մենք պատրաստվում ենք դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի նա հանդես գա համապատասխան միջնորդությամբ»,- ասաց «Հայոց արծիվների» նախագահը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը շարունակում են քննարկել։ Թեմա է դարձել, թե ինչու չի մասնակցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, չնայած հրավիրված է եղել, եւ ներկա էր իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։ Նրա խորհրդական Վահան Կոստանյանն ասաց․ «Որեւէ քաղաքական ենթատեքստ չկա դրանում, որ պարոն Միրզոյանը չի մասնակցել շաբաթ օրը տեղի ունեցած հարսանիքին, պատճառն «անձնական» է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել` արագացնել ընտրական եւ կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը: «Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ` մինչեւ տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլեւ բուն Երեւանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երեւանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ: Ի դեպ, ընթացքի մեջ է նաեւ տեղական անցանկալի ղեկավարների նկատմամբ օրենքի փոփոխությունների հարցը՝ օրենքի նորմով իքս քանակի ստորագրություններով, հարցը դնել հարաքվեի եւ համայնքապետին անվստահություն հայտնել։ Սակայն մտավախություն կա, որ այն կարող է տարածվել նաեւ Երեւանի քաղաքապետի վրա, ուստի դեռ ոտներս կախ ենք գցում: Կուսակցությունների մասով խստացվելու է գրանցման, մանավանդ՝ համագումարներ չանցկացնելու հարցը, ընդհուպ մինչեւ կուսակցության փակման դրույթ»,- ասաց իմքայլականը: Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Իմ քայլը» ընդդիմությանը հակադրվելիք լուրջ թեկնածու չունի Գյումրիում, ուստի որոշել եք «քամ բաք» անել Ֆելիքս Ցոլակյանին։ «Այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը. մեր ուշադրությունն այս պահին սեւեռված է Ամուլսարի վրա»: Իսկ հանդիպման ժամանակ իսկապե՞ս Փաշինյանը խստիվ զգուշացրել է, որ որեւէ մեկը հույս չունենա, որ Ամուլսարի կամ մեկ այլ պատճառով ֆրակցիայից դուրս գալով՝ կարող է անկախ պատգամավոր դառնալ՝ մանդատն անպայման վայր եք դնելու։ «Նո քոմենթ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են: Իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ուժային կառույցների եւ վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից, եւ հայտնի է, թե կոնկրետ ով կամ ովքեր են այն արել: Ասել է թե` գործը ամբողջությամբ բացահայտվել է: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները եւ իշխանությունները լռում են` հնարավոր ներքաղաքական բախումներից խուսափելու եւ երկրում անկայուն վիճակ ստեղծելու հեռանկարից ելնելով: Հիշեցնենք մեկ փաստի մասին եւս. գաղտնալսման հրապարակումից հետո պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի` Սասուն Խաչատրյանը նաեւ մի շարք բացահայտումներ արեց մարտի 1-ի թեմայով, որոնք առավել շիկացրին առանց այդ էլ զգացմունքային թեման:


ՀՔԾ պետը հայտարարել էր. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ հստակ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»: Այս հայտարարությունից եւս անցել է մեկ տարի, եւ եթե ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ապա ի՞նչ է արել նախաքննական մարմինը մեկ տարի անց, ինչո՞ւ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ. եթե առաջադրված է, ապա ինչո՞ւ այն չի հրապարակվում: Այս հարցերի պատասխանը ստանալու նկատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժին եւ սպասում ենք վերջիններիս պատասխանին: Պատասխանի դեպքում պատրաստ ենք հրապարակել այն»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում գաղտնի նախապատրաստվում են պարգեւավճարներ բաժանել: Այն նախատեսված է նախարարի, նախարարի տեղակալների, վարչության պետերի, խորհրդականների եւ օգնականների համար, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, եւ որոնց աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից: Իսկ այն իրականացվում է գաղտնի, որպեսզի նախ հանրային հերթական բողոքի ալիքը չբարձրանա, եւ հետո՝ ստորին օղակներում չիմանան ու վատ չզգան, որովհետեւ մի քանի ամիս առաջ նման դեպք տեղի է ունեցել, եւ ստորին օղակը բողոքի ձայն է բարձրացրել: Դրա համար էլ այս անգամ որոշվել է՝ պարգեւավճարների մասին միջանցքներում՝ սուս»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է 63 հազար 085, սակայն Հայաստանում էժան աշխատուժ են համարվում հնդիկները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2019թ. հուլիս ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82 820 մարդ, որը, սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային առումով փոփոխություն չի կրել: Օրինակ` շինաշխատանքի համար հայերը պահանջում են 5000-7000 դրամ, ապա հնդիկները դա անում են 3 հազար դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է Հնդկաստանի 15 հազար 442 քաղաքացի։ Հնդիկները հայկական գյուղերում ներգրավված են հիմնականում ջերմոցային աշխատանքներում։ Նրանց մեծ մասը ապրում եւ աշխատում են Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղերում։ Ի դեպ, Հայաստան ժամանում են նաեւ հնդիկ ընտանիքներ՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52600