Հայաստանն իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայման շեմին է. ՀԱԿ

Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած մի խումբ անձանց կողմից 2019թ-ի սեպտեմբերի 4-ին կայացրած «որոշումները» կրկին անգամ եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը: Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրես կուսակցության հայտարարության մեջ:


«Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես պետական ամբողջ համակարգի կայունությունը վտանգող մշտական գործոնի: Փաստացի գոյություն ունեցող վիճակի երկարաժամկետ պահպանումը, Սահմանադրական դատարանի լիազորությունների կատարմամբ առաջացող իրադրություններում, կարող է հանգեցնել իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայմանը։


Համոզված ենք, որ առկա են օրինական բոլոր մեխանիզմները և գործիքակազմը` իրավիճակը հանգուցալուծելու համար, և Հայաստանի իշխանությունները օր առաջ պետք է գործադրեն դրանք` երկրի կայունությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու և հեղափոխության նվաճումները պահպանելու նպատակով», - ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվել է, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։


Փոխարենը ՍԴ–ն սահմանադրական է ճանաչել 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցին վերաբերող հոդվածը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52357