Կիրականացվի՞ արդյոք նոր ՇՄԱԳ. Ամուլսարի հանքի գործով ելակետային տվյալները սխալ են եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել:


Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն:


Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:


Ավելի վաղ կառավարությունը «Էլարդ» ըներկության փորձաքննությունից հետոեւ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության հիման վրա որոշում էր կայացրել թույլատրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել Ամուլսարի հանքի շահագործումը, որը շուրջ մեկ տարի է դադարեցված է բնապահպանների ու տեղացիների բողոքի ակցիաների հետեւանքով:


Այնուհետեւ պարզվեց, որ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են: Ի դեպ, հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:


Փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանին անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է:


Այս բացահայտմանը հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ELARD ընկերության հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսը, որտեղ վարչապետն անակնկալի եկավ, երբ տեղեկացավ, որ Քննչական կոմիտեն ELARD-ից լրացուցիչ առաջարկություններ է ուզել, որոնք կատարելու դեպքում թույլ կտան հանքի շահագործման ռիսկերը վերահսկելի դարձնել:


Այս ամենից հետո Քննչական կոմիտեում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց: Այն դեռեւս չի ավարտվել: Այժմ կառավարությունում քննարկում են նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) իրականացնելու հնարավորությունը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52280