ՀՔԾ-ում քննվող Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ԱԱԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:


«Գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն` նախաքննությունը շարունակելու»,- ասաց Խաչատրյանը:


Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է:


Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:


Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան:


Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52189