Вор должен сидеть в тюрьме! Փաշինյանն «օրենքով գողերին» ուղարկում է «տուն»

Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!


Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մանրամասները կառավարության այսօրվա նիստի՝ ստորեւ բերված տեսանյութում», - ասված է նրա գրառման մեջ:


Մի շարք նախագծերով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ եւ հանցավոր համագործացությանը մասնակցելը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։


«Միաժամանակ, այս մասով նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, ով կբացահայտի խումբը կամ կնպաստի տվյալ խմբի գործունեության խափանմանը։ Նշված անձանց մասով խրախուսական նորմ է սահմանված քրեական պատասխանատվությունից ազատվելը»,- ասաց նախարարը:


ՀՀ վարչապետն ի պատասխան ասաց. «Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, եւ հետեւաբար պետք է նրանց բոլորին ուղարկել իրենց տուն ապրելու»:


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ քրեական ենթամշակույթում ներգրավված անձինք շատ անգամ էականորեն վնասում են հանցագործությունների բացահայտմանը. «Օրենսդրական այս փոփոխությունը, որը հույս ունեմ՝ կընդունվի ԱԺ-ի կողմից, բացառիկ նշանակություն ունի։ Որ պահին սա դարձավ օրենք, մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի»,- ասաց Դավթյանը:


Քրեական ենթամշակույթի կամ բարքերի դեմ պայքարում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հետխորհրդային տարածքում առաջինն էր, որ սկսեց օրենքով գողերին բանտ նստեցնել միայն այն պատճառով, որ նրանք օրենքով գող են։


Փորձագետերը նշում են, որ ընթացիկ ժամանակաշրջանի առանձնահատկություն է, որն ի սկիզբը դրվել էր Վրաստանում, շարունակվել Ռուսաստանում, և նույնն արվում է նաև Հայաստանում։


Վրաստանում այն «օրենքով գողերը», որ փրկվեցին, ցրվեցին տարբեր երկրներով, սակայն մեծ մասը Ռուսաստանում հաստատվեց։


Եվ ահա վերջերս ՌԴ Պետդուման միաձայն ընդունեց «Հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու համար» քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ նախագահի օրինագիծը։ Բարձրագույն դիրքը հանցավոր հիերարխիայում օրենքով գողն է։ Այսպիսով, այժմ արդեն կարևոր չի լինի, թե արդյո՞ք գողը հանցագործություն է կատարում` գողը պետք է նստի բանտում։


Ռուսաստանում նման «օրինական մարդիկ» մոտ 500–ն են, և նրանց վատ ժամանակներ են սպասում։ Հայաստանը եւս գնում է այս ճանապարհով:


Հայաստանում կարծում են նման կերպ կարող են նաեւ պայքարել հասարակությունում հաստատված այսպես կոչված գողական ենթամշակույթի կամ հանցագործ բարքերի դեմ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51948