Դիվիզիոնի հրամանատարը հափշտակել է 9.5 մլն դրամի դիզվառելիք ու բենզին. նա կալանավորված է

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:


Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը, 2016թ. ապրիլից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի համար նախատեսված, իրեն վստահված ՎՔՆ միջոցներից՝ անձեռնմխելի պաշարից, յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.538.457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ 19.950 լիտր ձմեռային դիզվառելիք և 100 լիտր բենզին, իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին, որը հետագայում իրացրել է, իսկ ստացված գումարը տնօրինել:


Բացի այդ, փոխգնդապետը, տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող ռադիոլոկացիոն կայանից կատարված հափշտակության դեպքի մասին, չարաշահելով պաշտոնեական դիրքը, այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել, ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:


Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51791