Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ

Երևանի «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասավ 9-ի:


Ինչպես քիչ առաջ հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոն մինչ տվյալ պահը տեղափոխվել է 7 տուժած, որոնցից 6-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել, մեկ քաղաքացի նոր է տեղափոխվել հիվանդանոց։


Տուժածներից 2-ը դեռևս գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունքում։


Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է, ԱԻՆ-ից հայտնում են, որ լրացուցիչ մեքենաների ժամանումից հետո այս պահին դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ:


Հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա օգնում է ջրի խողովակը պահել, իրերը տեղափոխել, ջուր փոխանցել: Տեղում են նաեւ մոլում վարձակալած տարածքների սեփականատերերը, մոլի աշխատակիցները, որոնք հնարավորինս օգնում են փրկարարական խմբերին:



Հայտնում են, որ քաղաքացիներն ու «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները այրվող պահեստից, բառացիորեն ծխի ամպերի միջից դուրս են բերում կենցաղային տեխնիկա ու կահույք: Փրկարարները հորդորում են հեռանալ շենքից, քանի որ վտանգ կա՝ կարող են պատուհանները պայթել տաքությունից:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51703