Պետական պարտքը կաճի, բայց ռիսկերը կառավարելի են. Ատոմ Ջանջուղազյան

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Չունենք չկանխատեսված կամ անսպասելի բացասական փոփոխություն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։


«Տարվա ընթացքում արձանագրվում է ե՛ւ աճ, ե՛ւ նվազում։ Կարող է մի ամիս լինել աճի, մի ամիս նվազման միտում, բայց, որպես կանոն, պետական պարտքի վերաբերյալ դատողություն արվում է տարեկան արդյունքներով, որովհետեւ դա է թույլ տալիս գնահատել՝ պարտքի բեռն ինչպիսի զարգացում ունեցավ։ Պարտքի զարգացման տեսակետից տարեկան մեր կանխատեսումները թույլ են տալիս պարտքի բեռի չկառավարվող աճի մասին չխոսել»,- ասաց Ջանջուղազյանը:


Նախարարը նկատեց՝ ենթադրվում է, որ պարտքն անվանական արտահայտությամբ կաճի, ինչը, սակայն, չի նշանակում, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ է կանխատեսվում: Միեւնույն ժամանակ նա չմանրամասնեց, թե որ աղբյուրներից եւ ինչ ֆինանսական միջոցների ներգրավման արդյունքնում է աճելու պետական պարտքը:


Նշենք, որ ՀՀ պետական պարտքի մարման տեսանկյունից բավականին ծանր է լինելու 2019 թ-ը: 2018 թվականին շուրջ 400 միլիոն դոլար է կազմել պրտքի սպասարկման գումարը, իսկ «պիկը» լինելու է 2019 թվականը, երբ պարտքի մարումը կարող է հասնել շուրջ 800 միլիոն դոլարի: Դրա հիմնական մասը 5 տարի առաջ թողարկված եվրոբոնդերն է, որոնք տեղաբաշխվեցին ֆինանսական շուկայում, եւ ֆինանսական պարտավորությունների կատարման ժամկետը մոտենում է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51642