Քննչական կոմիտեն հրապարակել է միջազգային եզրակացությունն Ամուլսարի վերաբերյալ

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:


Եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին:


Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից եզրակացության վերջնական տարբերակը անգլերեն լեզվից թարգմանվել է հայերեն և այսօր երկլեզու տարբերակով հասանելի է հանրությանը:


Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրալվիկ սահանցումներ, սիկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:


Ըստ զեկույցի՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Ամուլսարի ծրագրի շրջանակներում ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել:


Օդի որակի վրա ազդեցության մասով զեկույցում ընդգծված է, որ չեն հայտնաբերվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի մեղմել: Հաշվի առնելով լրացուցիչ մեղմման միջոցները, ինչպես նաև մոնիթորինգային գործողությունները, օդի որակի մասով Ծրագրի ազդեցությունն, ամենայն հավանականությամբ կառավարելի է:


Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է աղտոտման աղբյուրները և նրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը բարելավել։


Զեկույցում առկա են մի շարք այլ դիտարկումներ և առաջարկություններ, որոնք միտված են մեղմել հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և վերահսկելի դարձնել հնարավոր հետևանքները:


Եզրակացությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև.


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51332