ՀՀ իշխանությունները չեն գիտակցում Ադրբեջանից եկող սպառնալիքի լրջությունը

ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Օրերս հրազենային վնասվածք էր ստացել հակառակորդի կրակոցից ևս մեկ զինծառայող:


Ադրբեջանը աստիճանաբար սկսում է ավելացնել լարվածությունը սահմանին ու վերջին օրերին առկա է մեկ զոհ և երկու վիրավոր: Փաստորեն Բաքուն անտեսում է խաղաղության պահպանման այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում:


Ադրբեջանը ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածն օգտագործեց հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, այդ թվում՝ Նախիջևանի և Տավուշի հատվածներում, ինչպես նաև Արցախի շուրջ իր դիրքերն ամրապնդելու, ինժեներական նոր կառույցներ ստեղծելու համար, որպեսզի կարողանա ապագայում այդ նոր պլացդարմներից հարվածել հայկական ուժերին և այս օրերին մեկ զոհը և մեկ վիրավորը դրա ապացույցն են:


ՀՀ-ի ներքաղաքական դիսկուրսը շեղված է տարբեր մանր խնդիրների վրա՝ ԱԺ պատգամավորները գորգ են լվանում, իսկ հասարակությունը քննարկում է, որտեղ և ինչպես է ամառն անցկացնում Նիկոլ Փաշինյանը: Այս ֆոնին՝ զրո ռեակցիա զոհերին ու վիրավորներին սահմանին, ինչն անընդունելի է:


Գործող իշխանություններն ոչ մի առաջընթաց չեն գրանցել ո՛չ տնտեսական, ո՛չ ներդրումային, ո՛չ արտաքին քաղաքական ոլորտներում, իսկ Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին մեկ տարվա համեմատաբար խաղաղ իրավիճակն աստիճանաբար Բաքվի ջանքերով ապասառեցվում է, քանի որ Ադրբեջանը չի տեսնում բանակցություններում իր համար առաջընթաց:


Ռազմական ուժ կիրառելով Բաքուն, նախ, հասկացնում է Մինսկի խմբին, որ ղարաբաղյան հարցի շուրջ պետք են արագ և ադրբեջանամետ որոշումներ, իսկ հայկական կողմերին ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի պահելու ոչ մի պայմանավորվածություն՝ նրանք կրակելու են այն ժամանակ, երբ ցանկանան և հարձակվելու են, երբ լիովին պատրաստ լինեն:


ՀՀ-ն ու Արցախը պետք է պատրաստվեն պատերազմի՝ հզորանան տնտեսապես ու ռազմական առումներով, հասարակությանը տալով համախմբվելու մեսիջ, այլ ոչ թե հանրության ուշադրությունը շեղեն այս կամ այն քրեական գործի, որևէ պաշտոնյայի ձերբակալության կամ գորգեր լվանալու շոուների վրա: Վտանգը գալու է սահմանի  այն կողմից և չպետք է երկրի ներսում փնտրել 5-րդ շարասյուններ ու վհուկների որս հայտարարել:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50614