Սիսիանում պայթյունից կա մեկ զոհ. պայթուցիկը կապել են անասնագոմի դռանը. ՔԿ

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:


Նա գրել է, որ կա մեկ զոհ.


«Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են։ Նախնական տվյալներով պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը... Մնացածը՝ իրավապահներից»,- Facebook իր էջում գրել է պատգամավորը:


Քննչական կոմիտեն ներկայացրեց տվյալներ.


Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 18-ին , անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50196