Ներկայիս իրողություններում տնտեսական հեղափոխությանը սպասել պետք չէ. Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկ տարին և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի: Շատ վերլուծաբաններ կանխատեսում էին, որ տնտեսական կոլապս է Հայաստանին սպասվում, քանի որ համաշխարհային պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ հեղափոխություններն ավարտվել են կոլապսով: Հայաստանում այդ ամենը ավելի մեղմ էր ու, բարեբախտաբար, անկում չունեցանք: Բայց նաև չունեցանք այն տնտեսական հեղափոխությունը, որն ազդարարվել էր նոր իշխանությունների կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նա նշեց, որ նոր իշխանությունները եկան սոցիալական դժգոհության լուրջ ալիքի վրա, հնչեցին խոստումներ, բայց մեկ տարի անց մենք չենք կարող արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիների կյանքում որակական փոփոխություններ են եղել.

«Այս կառավարությունը քայլեր ձեռնարկում է, բայց որոշ հայտարարություններ չեն կարող իրականություն դառնալ: Օրինակ, եթե դու մի կողմից հայտարարում ես տնտեսական հեղափոխության մասին, իսկ մյուս կողմից ձգտում 5 տոկոս տնտեսական աճի, ապա այս երկուսը իրար հակասում են: Չի կարող տնտեսական հեղափոխություն լինել 5 տոկոսի պայմաններում, ի վերջո, 2018 թվականի առաջին կիսամյակում տնտեսական աճի տեմպերը շուրջ 9 տոկոս էին և որևէ մեկը չասաց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է տեղի ունենում»,- ասաց նա, ավելացնելով, որ կարծում է, որ եթե կառավարությունը չձեռնարկի նոր քայլեր և այնպիսի քայլեր, որոնք մարդկանց կյանքում որակական փոփոխություններ կբերեն, ապա երկրում կձևավորվի հանրային նոր պահանջ՝ նոր իշխանության տեսքով.

«Իշխանափոխությունը պետք է պայմանավորված լինի ոչ թե անձերով, այլ կոնկրետ պահանջներով, որոնք պետք է լուծում ստանան»:

Ղուկասյանը մատնանշեց, որ Միջազգային արժութային հիմնադրամը, Համաշխարհային բանկը 2019 թվականի ավարտի համար կանխատեսել են շուրջ 4.5 տնտեսական աճ, իսկ ՀՀ կառավարությունը կանխատեսում է շուրջ 5 տոկոս տնտեսական աճ: Բայց, հիշեցրեց նա, աղքատության նվազեցման համար պետք է առնվազն տնտեսական աճը լինի 6 տոկոս, միայն այդ դեպքում կարող ենք խոսել այն մասին, որ որոշակի փոփոխություններ են երկրում տեղի ունենում և աղքատության նվաազեցման միտումներ կան.

«Հինգ տոկոս տնտեսական աճի դեպքում երկրում տնտեսական լուրջ փոփոխություններ լինել չեն կարող: Այլ կերպ ասած, այստեղ տնտեսական հեղափոխությանը սպասել հաստատ պետք չէ և դա միայն իմ կարծիքը չէ»,- հավելեց նա:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49909