Անվերջ հնարավոր չէ «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին գազի ցածր գին պահել

«Գազպրոմ» ընկերությունից մոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան. hայկական կողմի հետ կքննարկեն գազի գնի, գնի վրա ազդող բազմաթիվ բաղադրիչների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռ ենթակա են քննարկման: Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու: Բոլոր բաղադրիչները պետք է հատ առ հատ քննարկվեն՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց այդ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դեռ քննարկվելիք խնդիրներ կան: Եվ մոտ ժամանակներս «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու»,-ասաց նա ու հավելեց, որ կլինեն գազի սակագնի վրա ազդող բաղադրիչների հետ կապված բանակցություններ։


Հարցին, թե որքան կարելի է «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին ցածր պահել գազի գինը, Գրիգորյանն ասաց, որ անվերջ չի կարող ձգվել: Բայց դրանով արդյունավետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որն, իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ:


Հարցին, թե որքանով են ճիշտ խոսակցությունները, թե 2020 թվականից գազի գինը բարձրանալու է, փոխվարչապետը նշեց, որ ինքն այդ հարցի հետ կապված նման պաշտոնական որևէ ազդակ չի ստացել:


Հարցին, թե արդյոք կա քաղաքական կամք՝ Իրանից գազ գնելու, Գրիգորյանը նշեց, որ իրենց գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախ և առաջ հայրենակիցների շահերից, այդ իմաստով որևէ կաշկանդվածություն չպետք է լինի: «Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե պետք է բանակցենք»,-նշեց նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49896