Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք. ԱԳՆ

Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է: Այս մասին Բաթումի 16-րդ միջազգային համաժողովին, որը նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը, հյտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Դրանք մեր ըդնհանուր արժեքներն են․ արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ապա այն ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողովին, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»։


Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հանրային կառուցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում:


«Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»,- ասել է նա:


Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում:


ԱԳ նախարար Մնացականայնն ընդգծել է, որ 2018 թ. կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով:


«Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»:


Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»:


Իր ելույթում նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ:


Իր ելույթում նախարար Մնացականյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերակատարությունը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են կազմում։ «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գորընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49845