ՀՀ-ն չպետք է դառնա Իսրայելի համար հակաիրանական պլացդարմ

Հայաստանն իր շահերն ունի, Իսրայելը՝ իր, եւ դա նորմալ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին՝ պատասխանելով Բաքվին զենք մատակարարելու մասին հարցին։


«Իմ նպատակը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելն է։ Հայաստանի հետ հարաբերություններն առաջնային ենք համարում եւ դրանք կամրապնդենք նաեւ հետագայում»,- ասել է դեսպանը։


Իսրայելի գեոպոլիտիկ շահերը Հարավային Կովկասում թելադրվում են երկու նպատակներով՝ էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարում հրեական պետության կարիքների համար և Իրանի շուրջ կոալիցիայի ձևավորում: Իսրայելի համար տարածաշրջանում թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն Ադրբեջանն է, որտեղ Իսրայելը մատակարարում է միլիարդավոր դոլարների նորագույն զինտեխնիկա, որն օգտագործվում է և դեռևս կօգտագործվի ՀՀ-ի ու Արցախի դեմ: Այսինքն, Իսրայելը զինում է ՀՀ-ի թիվ մեկ հակառակորդին՝ դրանով ամեն ինչ ասված է:


Իսրայելի համար Ադրբեջանը հակաիրանական պլացդարմ է՝ հրեական պետությունն ադրբեջանական տնտեսության մեջ հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել և աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացմանը:


Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասի մեկ այլ երկրի՝ Վրաստանին, ապա Թել-Ավիվի համար այդ երկիրն ադրբեջանական և կասպիական էներգակիրների տարանցման կարևոր լոգիստիկ միջանցք է՝ նավթն ու գազը Կասպից ծովից Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցքով Իսրայել մատակարարելու համար: ՀՀ-ն Իրանի ռազմավարական դաշնակիցն է հանդիսացել տասնյակ տարիներ և չի միացել հակաիրանական այն կոալիցիային, որը ցանկանում են ձևավորել ԱՄՆ-ն ու Իսրայելը, այդ թվում այսօր Ջոն Բոլթոնն իր հակաիրանական ռազմավարության շրջանականերում:


Հայաստանի համար Իրանը բարեկամ երկիր է, այնտեղ բնակվում է ակտիվ հայ համայնք, իսկ Իրանը միշտ էլ բալանսավորված քաղաքականություն է ունեցել Հարավային Կովկասում, այդ թվում ղարաբաղյան հարցի առումով: ՀՀ-ն չի կարող դառնալ հակաիրանական պլացդարմ՝ դա լինելու է հայկական պետականության կործանման սկիզբը:


Ինչ վերաբերվում է Իսրայելի շահերին ՀՀ-ում, ապա այստեղ գրեթե չկա հրեական համայնք, որի վրա կարող էր հենվել հրեական պետությունն, իսկ տնտեսությունն էլ գտնվում է ծանր վիճակում: Եթե Իսրայելն իրոք ցանկանում է զարգացնել ու խորացնել կապերը Հայաստանի հետ, ապա իսրայելական միլիոնավոր դոլարների հասնող ներդրումները պետք է ուժեղացնեն հայկական պետությունն, ինչը դեռևս առկա չէ:


Իրանը շատ զգայուն է վերաբերվելու Իսրայել-ՀՀ կապերի խորացմանն ու ուշադրությամբ հետևելու է, որպեսզի իր հյուսիսում չձևավորվի հակաիրանական կոալիցիա, որի նպատակն է Իրանը շրջափակել նաև հյուսիսից՝ կտրելով այդ երկիրը Հարավային Կովկասից ու Ռուսաստանից: Իսրայելն Ադրբեջանի հետ խորը տնտեսական, ռազմա-քաղաքական կապերը բալանսավորելու համար պետք է խորացնի կապերը Երևանի հետ, առաջին հերթին տնտեսական մասով, ինչն էլ կբարձրացնի քաղաքական հարաբերությունների մակադրակը: Սակայն Իսրայելը դրան զուգահեռ շարունակելու է զինել Ադրբեջանին, ինչն էլ միշտ անդրադառնալու է հայ-իսրայելական կապերի ապագային:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49835