Խստորեն դատապարտում ենք. Պեսկովը՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարի խոսքերի մասին

Կրեմլում անընդունելի են համարում վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նրա խոսքով` հեռուստաալիքի հաղորդավարի արարքը վայել չէ վրացի ժողովրդին։ «Խստորեն դատապարտում ենք այդ արարքը», – ասաց Պեսկովը։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի տեղեկությամբ` Վրաստանի ամբողջ ղեկավարությունը նույնպես դատապարտել է այս արարքը։


Կիրակի օրը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեղինակային ծրագրի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր եթերը սկսել է Ռուսաստանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքներով։


Թեմային արձագանքել են նաեւ Ռուսաստանի այլ պաշոտնական շրջանակներ: ՌԴ Պետդումայի միջազգային կապերի հանձնաժողովի անդամ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, որ վրացական Ռուստավի-2 ալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ ՌԴ նախագահի դեմ ուղղված հայհոյանքներից հետո անհրաժեշտ է սառեցնել ռուս-վրացական հարաբերությունները:


Նա նշել է, որ, ցավոք, մի հաղորդավարի պատճառով տուժելու է Վրաստան պետությունը: Ըստ նրա, ամեն մի նմանատիպ արարքին պետք է պատասխանել պատժամիջոցներով: Նրա խոսքով, ռուս-վրացական հարաբերությունները պետք է սառեցնել, քանի որ սառնությունը սթափեցնում է:


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է կատարվածը երկու բառով: «Վրաստանի դժբախտությունը»,- ասել է նա:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49609