Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ դիմել են Մարտի 1-ի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին տեղեկությունը հաստատեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի հայտնել:


Նշենք, որ գործը դատաքննության նախապատրաստելիս դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխել էր ԼՂՀ ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ, սակայն վերաքննիչ դատարանն այս որոշումը բեկանել է: Քոչարյանն այս պահին նորից կալանքի տակ է, գրում է Հետքը:


Դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր նաև կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Այս որոշումը ևս վերաքննիչ դատարանը բեկանել է:


Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:


Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:


Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49602