Վախճանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը

Վախճանվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, հաղորդում է Արտաքին գործերի նախարարությունը:


«Խորը կսկիծով տեղեկացանք, որ 63 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում և իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ գործում», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արտգործնախարարությունը՝ իր խորին ցավակցությունը հայտնելով Կիրակոսյանների ընտանիքին և հարազատներին:



Դեսպանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:


«Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին: Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր: Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան-գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին, հայրենիքին նվիրված արժանապատիվ քաղաքացուն», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:


Արման Կիրակոսյանը Արտգործնախարարության համակարգում էր 1992 թվականից, տարբեր տարիների զբաղեցրել է արտգործնախարարի տեղակալի, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրիայում և Հունգարիայում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնները: Հայտնի պատմաբան, խորհրդային Հայաստանի 1975-85 թվականների արտգործնախարար Ջոն Կիրակոսյանի որդին է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49525