Ողբերգական ավտովթար Զոդի կամրջին. 6 մարդ է զոհվել, ևս 11-ը տուժել է (տեսանյութ, լուսանկար)

Այսօր ժամը 15:15 «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:



«Տուժածները՝ Ս. Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ. Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ. Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ. Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն. Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս. Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն. Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս. Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ. Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա. Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ. Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ», - փոխանցում է ԱԻՆ-ը՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ավելի ուշ:


Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է, որ վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 6 այրված դի: Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով փոխանցում է Հարությունյանը:



Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ - «Ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մեր մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով»։



Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով պատասխատավություն է սահմանված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49520