Մնացականյանը Բակո Սահակյանին է ներկայացրել Մամեդյարովի հետ հանդիպման մանրամասները

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ մեկնարկել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմամբ: ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները:


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի։


Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին` Արցախի նախագահը կարևորել է նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումը, որը լավ հնարվորություն է ընձեռնում՝ ամփոփելու նախորդ շրջանում կատարած համատեղ աշխատանքները և նախանշելու հետագա անելիքները: «Ես նաև տեղեկացնեմ համանախագահների հետ իմ հանդիպման մասին, և, ինչպես միշտ, ցանկանում եմ, որպեսզի դուք տեղյակ լինեք Արցախի զարկերակի մասին, ոչ միայն քաղաքական, այլ ընդհանրապես՝ տնտեսական, հանրային կյանքի զարգացումների հետ կապված»,- նշել է Արցախի նախագահը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է. «Իսկապես մեր այս կանոնավոր աշխատանքը, կանոնավոր երկխոսությունը չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետև մենք այս ամենով կարողանում ենք համադրել և միասնական դիրքորոշումների մեջ շատ ավելի հստակ զգալ միմյանց մոտեցումները: Սա ինձ համար չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև այդ գործառույթն արտահայտվում է նաև անմիջապես բանակցային գործընթացում: Այս անգամ մեր այցը բավական հետաքրքիր է, և բավական հագեցած ծրագրով ենք այսօր միասին շատ կարևոր աշխատանք անելու: Ես կտեղեկացնեմ Ձեզ բանակցային գործընթացի շրջանակներում այս շրջանի զարգացումները և այն նկատառումները, որոնք կապված են մեր հիմնական հարցի հետ, գալիք ծրագրերը և խնդիրները, որոնք ունենք մեր առջև»:


Նախարար Մնացականյանը և Բակո Սահակյանը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին` երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Արցախի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել են Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի և ներգրավվածության կարևորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:


Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը ճեպազրույց է ունեցել արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեւել է ավելի քան երեք ժամ:


Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում քննարկել են հարցերի բավականին լայն շրջանակ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։Նախարարը հիշեցրել է՝ Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկը խաղաղությանը նպաստող միջավայրն է։


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 24-ին Բաքվում ասել էր, թե ՀՀ ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վրա կողմերն աշխատելու են 2-3 ամիս։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49488