Բաքուն հրաժարվել է ապահովել ՀՀ պատվիրակության անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի նիստին

Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Հայաստանը։


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող կողմից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ու, ընդհանրապես, ազգությամբ հայերի այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը, հակահայկական քարոզը:


Նաղդալյանի խոսքով՝ հայկական կողմը մշտական կապի մեջ է եղել քարտուղարության հետ ու ջանքեր են գործադրվել՝ ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքներ։


«Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է գրավոր տրամադրել հավելյալ անվտանգության միջոցներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր ու մասնակցությունը միջոցառումանը»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ սա իր մեջ արատավոր երեւույթ է պարունակում։


«Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա ու հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ»,- ասաց ԱԳՆ խոսնակը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49374