Նարինե Խաչատուրյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝


Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ։


Ավելի վաղ Նարինե Խաչատուրյանը, որը կառվարող «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր, հայտնել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։


Նարինե Խաչատուրյանը, որպես պատգամավոր հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում սահմանափակելու առաջարկով:


Նա ամիսներ առաջ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի` 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ժամանակ բարձրացրեց մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը։


«Միջազգային հեռուստաալիքների` «Միր», «ОРТ» և «Росcия 1»–ի որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Հնարավոր է արդյո՞ք սահմանափակել կամ անջատել այդ ալիքների հեռարձակումը հակահայկական, հայատյացություն ներշնչող հաղորդումների ցուցադրման ժամանակահատվածում»,– հարց էր տվել պատգամավորը, նշելով, որ սա կարևոր քաղաքական հարց է։


Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր հերթին նշել էր, որ դա քաղաքական հարց է, և ասել, որ ինքը բազմիցս ստացել է հարցեր այդ թեմայով, որոնցում որպես օրինակ նշվել են Ուկրաինան և Վրաստանը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48252