Իրանը որեւէ լուրջ գործողություն չի տեսել Եվրոպայի կողմից. Ռոհանի

Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրսբերումը միայն բացասական հետեւանքներ է ունեցել երկու երկրների համագործակցության եւ տարածաշրջանի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ:


«Իրանի Իսլամական Հանրապետությունը լի է վճռականությամբ՝ Եվրոպական միության անդամ պետությունների, հատկապես Գերմանիայի հետ քաղաքական եւ տնտեսական կապերը զարգացնելու համար: ԱՄՆ-ն իր միակողմանի որոշմամբ խախտել է համաձայնագիրը, որը կնքվել է 7 երկրների միջեւ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելով տարածաշրջանում, սակայն, ցավոք, Եվրոպայի կողմից որեւէ պատասխանատու եւ ճիշտ արձագանք չենք տեսնում»,- ասել է Ռոհանին:

Նրա խոսքով՝ իրենց անարդար պատժամիջոցներով Միացյալ Նահանգները գնում է տնտեսական ահաբեկչության ճանապարհով:

Բացի այդ, Ռոհանին նշել է, որ անցած տարվա ընթացքում որեւէ լուրջ գործողություն չեն տեսել Եվրոպայի կողմից՝ չնայած բավականին լավ քաղաքական դիրքորոշմանը:

«Մենք ակնկալում ենք, որ Եվրոպան կհակազդի Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը»,- հավելել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48246