Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը շնորհավորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,


Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունները ցույց տվեցին այն վստահության բարձր մակարդակը, որը Ղազախստանի բարեկամ ժողովուրդը ցուցաբերում է Ձեր և Ձեր գործունեության ծրագրի նկատմամբ:


Մաղթում եմ ձեզ հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում բոլոր նպատակների իրականացման գործում՝ հանուն խաղաղության, առաջընթացի և Ղազախստանի բարեկամ ժողովրդի բարգավաճման:


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և բարելավել մեր ժողովուրդների ու երկրների հարաբերությունները: Պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկխոսության հետագա զարգացման ու համագործակցության ուղղությամբ»:


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:


«Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:


Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մեծ հաջողություններ է մաղթել պատասխանատու պաշտոնում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48212