Հակոբ Արշակյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը և այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։

Նախարարը նշել է նաև, որ կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, գործարար և մրցակցային միջավայրերի բարելավումը ստեղծել են անհրաժեշտ բոլոր պայմանները ոլորտի զարգացման համար: Համագործակցությունն այս ոլորտում անկասկած զարգացման մեծ հեռանկար ունի` պայմանավորված ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման բարձր մակարդակով և ՀՀ-ում գիտակրթական ներուժի առկայությամբ, որը պետք լավագույնս օգտագործել, ընդ որում՝ գործել պետք է այնպիսի արագությամբ, ինչպես զարգանում են տեխնոլոգիաները:

Փոխտեղակալ Միլեն կարևորել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի դերը այս ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար:

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ-ից Հայաստան երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներին և պատրաստակամություն են հայտնել համագործակցել այդ բնագավառում։

Հանդիպման ավարտին նախարարը ամերիկյան կողմին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019):


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48122