ՀՀ-ն և Հունաստան-Կիպրոս տանդեմը կզսպեն Թուրքիայի նեոօսմանականությունը

Երևանը նպատակ ունի հիմք դնելու նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափով համագործակցությանը, որը բավական խոստումնալից է եւ բավական ներուժ ունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


ՀՀ-ի համար կարևոր է ամրապնդել գեոպոլիտիկ կապերը Հունաստան-Կիպրոս տանդեմի հետ, այդ թվում՝ Անկարայի պանթուրքական և նեոօսմանական քաղաքականությանը համատեղ ջանքերով դիմադրելու և Թուրքիայի սահմանների երկայնքով հակաթուրքական ճակատ ձևավորելու համար:


Հիշեցնենք, որ Թուրքիան խնդիրներ ունի Հունաստանի հետ՝ պատմական ծանր ժառանգությունը՝ հույների ջարդերը, Պոնտոսի հույների ցեղասպանությունը, թուրք-հունական պատերազմները, Կիպրոսի օկուպացիան թուրքական զինուժի կողմից և այլ հարցեր, ինչը ստեղծում է լավ նախադրյալներ հայ-հունական հարաբերությունների ամրապնդման համար:


Թուրքիան շարունակում է շրջափակել Հայաստանը, աջակցում է Ադրբեջանին, իրականացնում է էներգետիկ-տրանսպորտային բազմաթիվ նախագծեր, որոնք շրջանցում են Հայաստանը և այս ամենը Երևանին ճնշելու և օղակի մեջ պահելու քաղաքականության շարունակությունն են:


Դրան հակազդելու համար Երևանը պետք է ստեղծի, այսպես ասած, հակաթուրքական երկրների կոալիցիա: Այդ կերպ Հայաստանը կկարողանա բալանսավորել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ քաղաքականությունը ՀՀ-Արցախի հանդեպ:


Հունաստանում առկա է հայկական բավականին մեծ համայնք՝ թուրքականին զուգահեռ և նրանց աջակցությամբ ու լոբբինգով հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվանա հունական ուղղությամբ: Ռազմա-քաղաքական համագործակցությանը զուգահեռ Երևանն ու Աթենքը պետք է զարգացնեն նաև տնտեսական կապերը, այդ թվում՝ տուրիզմի ոլորտում:


Լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ նաև Կիպրոսը: Թուրքիան օկուպացրել է կղզու հյուսիսային հատվածը: Այս պահին թուրքական բանակը տեղակայված է կղզու հյուսիսում:


Կիպրոս-Հունաստան տանդեմն ունի հակաթուրքական ուղենիշ՝ պատմական նույն հիշողությունը Թուրքիայի հանդեպ: Չմոռանանք, որ Կիպրոսում առկա է նաև ոչ մեծաքանակ, սակայն բավականին ազդեցիկ ու հարգված հայկական համայնք՝ իր կառույցներով, եկեղեցիներով և այլն:


ՀՀ-Հունաստան-Կիպրոս կոալիցիայի համար առաջնայինը պետք է լինի թե՛ գեոպոլիտիկ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հարցով հայամետ քվեարկության առումով, այլ նաև ակտիվորեն անհրաժեշտ է զարգացնել առևտրա-տնտեսական կապերը՝ հունական, կիպրական ներդրումների տեսքով: Համատեղ ձեռնարկությունների ստեղծումն ու բիզնես նախագծերն ավելի ամուր հիմք կստեղծեն այդ եռակողմ ֆորմատով համագործակցության համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47905