Հայաստան. արտաքին առեւտուրը կրճատվում է, տնտեսական ակտիվությունը՝ աճում

Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-ապրիլին 7 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ միայն ապրիլին նախորդ ապրիլի համեմատ աճը կազմել է 9.2 տոկոս: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:


Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.5 տոկոսով, իսկ միայն ապրիլին՝ 13.2 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար-ապրիլին ավելացել է 8 տոկոսով, իսկ ապրիլին՝ 1.8 տոկոսով: Զգալի աճ է արձանագրվել նաև առևտրի շրջանառության ծավալներում՝ հունվար-ապրիլին 9.8 տոկոս, իսկ ապրիլին՝ շուրջ 9 տոկոս: Ընդ որում` ծառայությունների ծավալն ավելացել է համապատասխանաբար 17 և 16.2 տոկոսով:


Սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 1.7 տոկոսով, իսկ միայն ապրիլին՝ 2.2 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 0.4 տոկոսով, իսկ ապրիլին 0.6 տոկոսով:


Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-ապրիլին նվազել է 9.2 տոկոսով, իսկ ապրիլին՝ նախորդ ապրիլի համեմատ ավելացել է 8.9 տոկոսով:


Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-ապրիլին աճել է 6.2 տոկոսով՝ կազմելով 177 հազար 171 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4.8 տոկոսով: Իսկ 2019-ի ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 7.7 տոկոսով՝ կազմելով շուրջ179 հազար։ Պետական օղակում ավելացել է 12.2 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4.2 տոկոսով:


Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 4.2 տոկոսով, սակայն ապրիլին արձանագրվել է աճ՝ 15.9 տոկոսով: Հունվար-ապրիլին նվազում է նկատվել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալներում: Արտահանումը նվազել է 8.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.9 տոկոսով: Ապրիլին՝ նախորդ ապրիլի համեմատ արտահանման ծավալն ավելացել է 9.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 18.9 տոկոսով:


Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-ապրիլին եղել է 486.49, իսկ ապրիլին՝ 484.29:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47494