ՀՅԴ-ն մասնակցում է հակափաշինյանական բևեռի ձևավորմանը

Ներկա իշխանության հետեւում երեւում են Լեւոն Տեր–Պետրոսյանի ականջները, սակայն ՀՅԴ–ին մտահոգում է հատկապես ԼՂ հարցը, որ Նիկոլ Փաշինյանն էլ չգնա զիջումների տնտեսության զարգացման համար, ինչպես առաջարկում էր Լեւոն Տեր–Պետրոսյանը։ Այդ մասին հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։


ՀՅԴ նախօրեին Երևանի կենտրոնում ցույց է կազմակերպել, որտեղ քննադատության է ենթարկել այսօրվա իշխանություններին ու կարծես թե փորձում է մաս կազմել հակափաշինյանական նոր բևեռի:


Դաշնակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ չանցավ ԱԺ, ինչից հետո սկսեց խիստ քննադատությամբ հանդես գալ գործող կառավարության հասցեին՝ դրանով իրեն տեղավորելով արտախորհրդարանական ընդդիմության դաշտում:


ՀՅԴ գաղափարական կուսակցությունն է, ունի իր կազմակերպչական ցանցը ՀՀ-ում, Արցախում և հատկապես Սփյուռքում և ՀՀ-ում կայացած վերջին տասնամյակների ընտրություններում տեղ է ունեցել ԱԺ-ում՝ ունի հստակ իր էլեկտորատը:


Ռուստամյանի մեսիջը Փաշինյանին հստակ էր. նրանք այսօրվա իշխանություններին ասոցացնում են Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի հետ, քանի որ 2008թ.-ի ցույցերի կազմակերպիչներից էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով հարթակում կանգնած էր և աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: ՀՅԴ հետապնդվում էր 1990-ական թթ.-ին, ՀՀՇ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: ՀՅԴ շատ անդամներ ձերբակալված են եղել նրա կառավարման տարիներին:


ՀՅԴ-ն, լինելով ազգային-պահպանողական դիրքերում կանգած կուսակցություն, որն իր մասնակցությունն է ունեցել նաև ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մտահոգություն է հայտնում Արցախի հարցում Փաշինյանի դիրքորոշմամբ: Չկա կոնկրետ ռազմավարություն նոր կառավարության կողմից ղարաբաղյան հարցում, ինչն էլ իրավիճակը սրում է և տանում է դեպի պատերազմական վիճակ:


ՀՅԴ-ն կարող է դառնալ հակափաշինյանական ճամբարի, բևեռի կարևոր մասնակիցներից մեկը: Այդ բևեռի մաս կարող են կազմել նաև ՀՀԿ-ն, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, իսկ ռադիկալ ցնցումների դեպքում, երբ Փաշինյանի իշխանությունը թուլանա, այդ ճամբարին կմիանան նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն:


Այսպիսով, ՀՀ ԱԺ-ից դուրս ձևավորվում են տարբեր քաղաքական շարժումներ, որոնք շարունակում են հանդես գալ Նիկոլ Փաշինյանի կոշտ քննադատությամբ, դրանով իսկ ստեղծելով նրա վարկանիշը մաշեցնելու հիմքեր և հասարակության մեջ տրամադրությունների կտրուկ փոփոխությունների դեպքում իշխանությունը վերցնելու շանս կստանան:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47350