ՀՀ կառավարությունը պետք է բարելավի դեմոգրաֆիական ստատուս-քվոն

Հարավային Կովկասի տարածաշրջանում ծերացման ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է, առաջինը Վրաստանն է, Ադրբեջանն ավելի հետ է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը:


ՀՀ-ում դեմոգրաֆիկ իրավիճակն ուղղակիորեն ազդում է թե՛ սոցիալ-տնտեսական վիճակի ու տնտեսական բարեփոխումների ապագայի վրա, թե՛ ՀՀ-ի ու Արցախի ազգային անվտանգության ու բանակի մարտունակության:


Հայաստանն ունենալով ծնելիության ցածր մակարդակ և բնակչության կառուցվածքում մեծ տոկոս կազմող թոշակառուներ, այժմ արդեն բախվում է բյուջետային լուրջ խնդիրների, որոնք ապագայում՝ դեմոգրաֆիկ վիճակի կտրուկ բարելավում չարձագանքելու դեպքում, միայն խորանալու են:


ՀՀ-ում աշխատունակ և միջին տարիքի բնակչությունը տարիներ շարունակ արտագաղթել է ՝ սկսած 2008թ.-ից մինչ այս պահը մոտ 400.000 մարդ լքել են Հայաստանը: ՀՀ-ն տնտեսական բարեփոխում և կտրուկ աճ արձագանքելու համար պետք է ունենա ոչ միայն խոշոր ներդրումներ, այլ նաև աշխատունակ բնակչության մեծ քանակ, որոնք էլ իրականացնելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությունը:


ՀՀ-ի բյուջեն ունի խիստ սոցիալական ուղղվածություն՝ աշխատավարձերի և թոշակների վրա գնում եմ մեծ գումարներ: ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո չեն ստեղծվում այն արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ հզորությունները, որոնք կավելացնեն աշխատատեղերը՝ նպաստելով երիտասարդության շրջանում գործազրկության նվազմանը, արտագաղթի դանդաղեցմանն ու այդ երիտասարդների շրջանում ամուսնությունների և ծնելիության ավելացմանը:


ՀՀ-ն համարվում է ծերացող բնակչություն ունեցող պետություն, որտեղ երիտասարդներն՝ աշխատունակ փոքրաթիվ մասը, պետք է ապահովի ոչ աշխատունակ՝ թոշակառուների հատվածին: Այս պարագայում հարկային բեռն ընկնում է սահմանափակ քանակությամբ մարդկանց ուսերին, իսկ նման իրավիճակում հնարավոր չէ խոսել տնտեսական հեղափոխության մասին:


Խոսքը կարող է միայն առկա սոցիալ-տնտեսական ցուցանիշների պահպանման մասին լինել՝ հարկային բեռի թեթևացում տեղի չի ունենում, իսկ հարկման ենթակա նոր տնտեսական հզորորություններ չեն ստեղծում: Սոցիալ-տնտեսական ստատուս-քվոն պահպանվում է, վատթարանալու միտումները պահպանելով, քանի որ ՀՀ-ից արտագաղթը դանդաղել է, սակայն չի վերացել:


Ինչ վերաբերվում է դեմոգրաֆիայի ազդեցությանը ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանն ու բանակի մարտունակությանը, ապա պատերազմական վիճակում գտնվող երկիրը պետք է ունենա մեծ զորակոչային ռեսուրս, որը պետք է ապահովի բանակի շարքերն ու դրանով ապահովի սահմանների անվտանգությունը:


Դեմոգրաֆիական խնդիրները ստիպում են բանակի մեջ ներգրավվել նաև պայմանագրայիններին, իսկ ապրիլյան քառօրյայի ժամանակ այդ բացը լրացրեց ԵԿՄ-ի պես կառույցը՝ իր կամավորական ջոկատներով:


Ադրբեջանը շարունակում է զինվել ու պատրաստվել պատերազմին, այս պարագայում բանակի մարտունակությունը կախված է նաև մոբիլիզացիոն հնարավորություններից, որն ունի պետությունը: Պատերազմական վիճակում թիկունքը պետք է բանակին մատակարարի նորանոր զինվորներ: ՀՀ-ից տասնամյակներ շարունակվող արտագաղթի պայմաններում մոբռեզերվի հետ արդեն այսօր առկա են լուրջ խնդիրներ:


ՀՀ կառավարությունը պետք է ունենա դեմոգրաֆիական աղետից ՀՀ-ն հանելու հստակ ռազմավարություն, որն այսօր առկա չէ: Այդ ռազմավարությունը պետք է իր մեջ ներառի թե՛ ֆինանսական մեծ ռեսուրսներ, թե՛ կատարման հստակ ժամկետներ: Դեմոգրաֆիական խնդիրներն օպերատիվ կերպով հնարավոր չէ լուծել. ծնելիության մակարդակի բարձրացումն ու բնակչության թվաքանակի ավելացումն, այդ թվում՝ արտագաղթի դանդաղեցման ու մահացությունների կրճատման տեսքով, երկարատև ու ծանր գործընթաց է:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47196