Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. դատարանը հրապարակեց որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:


Խորհրդակցական սենյակից վերադառնալով այսպիսի որոշում կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավթի Գրիգորյանը:


Որոշման հրապարակմանը ներկա էին նաեւ Քոչարյանի որդիները՝ Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները: Դատարանի շենքի մոտ հավաքվել են Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները: Կենտրոնացված են նաեւ մեծ թվով ոստիկանական ուժեր:


Այսպիսով դատարանը բավարարեց խափանման միջոց կալանքի փոփոխության Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ու, ըստ էության, Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը:


Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:


Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն ավելի շուտ պնդել էին իրենց երաշխավորությունը Քոչարյանի ազատության համար: Նրանք 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47017