ՀՀ կառավարության ձեռքբերումներն առկա են միայն ֆեյսբուքյան տիրույթում

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին նշել է.


«Պատկերացնել կարելի է այն խուճապը, որ կա կոնտրհեղափոխականների մոտ: Փաշինյանի ներքին բարձր լեգիտիմությանը օրեցօր գումարվում է նաև արտաքին լեգիտիմությունը՝ ներգրավվածություն խոշորագույն միջազգային նախագծերում: Ի հեճուկս Ադրբեջանի ու Թուրքիայի ետնահանջների ու դիրքերի թուլացման, Հայաստանի հնարավորությունները մեծանում են՝ հեռավոր Ասիայից մինչև Եվրոպա: ԵՄ-Հայաստան ճանապարհային քարտեզի ավարտուն տեսքի բերելու վերջին փուլ, Մետաքսի ճանապարհի արդեն իսկ տեսանելի ազդակներ, արաբական առանցքի մոտալուտ ակտիվացում Հայաստանի հետ... Լրիվ կայֆ ա: Էս ի՞նչ խաղեր մեջ ենք, տո... Հայ-ռուսական հարաբերությունների վերակառուցման դժվար, բայց անխուսափելի պրոցեսն էլ մանր-մունր թունավորումներով, էն մյուս կողմից: Գալիս է նաև Ատլանտյան օվկիանոսից այն կողմ անցնելու ժամանակը, դա էլ կանենք սեպտեմբերին: Հայաստանս ու յուր ինքնիշխանությունը կամաց-կամաց վերականգնվում է»:


Ստյոպա Սաֆարյանը, ով իրեն միշտ ներկայացրել է, որպես ժողովրդավարության ջատագով, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպան, ՀՀ քաղաքացիների մի հատվածին իրենց քաղաքական հայացքների համար անվանում է կոնտրհեղափոխականներ՝ այդ կերպ տվյալ քաղաքացիներին հակադրելով հասարակության մեծամասնության հետ ու նրանց թիրախավորելով, ինչն անընդունելի է հենց մարդու իրավունքների նորմերի համար: ՀՀ-ում տեղի չի ունեցել հեղափոխություն դրա դասական, քաղաքագիտական իմաստով և դրա համար հասարակության մի հատվածին կոնտրհեղափոխականներ պիտակավորելը նույնպես վտանգավոր է:


ՀՀ-ում չի կարելի փնտրել ներքին թշնամիներ՝ պատերազմական վիճակում գտնվող երկրում 5-րդ շարասյունների կամ կոնտրհեղափոխականների մասին հայտարարությունները վտանգավոր են ազգային անվտանգության և պետական շահից ելնելով:


Սաֆարյանը ՖԲ-ի իր էջում խոսում է Նիկոլ Փաշինյանի բարձր լեգիտիմության մասին, սակայն աշխարհի ոչ մի երկրում բարձր լեգիտիմությունը չի լուծում սոցիալ-տնտեսական ծանր խնդիրները, չի ստեղծում աշխատատեղեր, չի զարգացնում արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, չի կանխում արտագաղթն ու դեմոգրաֆիական աղետը: Վերոնշյալ բոլոր խնդիրները Փաշինյանի մեկ տարվա կառավարման ընթացքում ոչ միայն չեն լուծվել, այլև միայն խորացել են: Բարձր լեգիտիմությունը ոչ մի աղերս չունի իրական տնտեսության ստեղծման կամ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետ: Ի դեպ, Փաշինյանի վարկանիշը մեկ տարվա ընթացքում այդ թվում նրա թիմի սորոսական հատվածի գործունեության պատճառով ուղղակի գահավիժում է:


Բացի այդ, Սաֆարյանը խոսում է Մետաքսի ճանապարհին ՀՀ-ի ներգրավվածության մասին. այդպիսի բան գոյություն չունի: Հակառակը՝ Մետաքսի ճանապարհի մաս է կազմում Ադրբեջանը, որը Տրանսկասպյան տրանսպորտային ուղղության՝ Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա կարևոր տարրերից է դարձել ու չինական ապրանքներ է տարանցում դեպի Եվրոպա ու Թուրքիա: ՀՀ-ն, ցավոք, շարունակում է դուրս մնալ տարածաշրջանային խոշոր լոգիստիկ ծրագրերից՝ մեկ տարվա թավշյա կառավարումից հետո նույնպես այդ առումով ոչ մի առաջընթաց չկա:


Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցն այդպես էլ շարունակում է մնալ անավարտ ու սպասում է այդպես էլ ՀՀ-ն չեկող ներդրումներին, ինչի մասին կառավարությունը բազմաթիվ անգամ լայվերով և ոչ միայն հայտարարում էր:


Խոսվում է նաև ՀՀ-ի հարաբերությունների ակտիվացման մասին արաբական աշխարհի հետ, սակայն այդպիսի կոնկրետ ծրագրեր այժմ առկա չեն, առկա է միայն ՀՀ-ի կողմից զինվորականների գործուղում բարեկամական Սիրիա, որտեղ նրանք նաև աջակցում են տեղի հայ համայնքին:


Արաբական աշխարհից ներդրումներ դեպի ՀՀ չկան և Հայաստան-արաբական աշխարհ կապող միակ օղակը շարունակում են մնալ հայկական համայնքներն այդ երկրներում: Պետական մակարդակով որևէ նոր աշխատանք արաբական աշխարհի ուղղությամբ, որտեղ իրոք առկա է չօգտագործված մեծ ներուժ, այժմ տեսանելի չէ: Ամբողջը սահմանափակվում է միայն հայտարարություններով և PR-ով:


Սաֆարյանն անդրադառնում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վերականգնմանը, ինչը տարօրինակ է, քանի որ Սաֆարյանը միշտ էլ հանդես է եկել այդ հարաբերությունների խորացման դեմ: Բայց այսօր Փաշինյանն ու նրա սորոսական թիմը սկսել են գովերգել Մոսկվա-Երևան կապերը, ինչը 180 աստիճանով տարբերվում է նրանց նախկին դիրքորոշումներից՝ այդ թվում, երբ նրանք խոսում էին ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ռուսական զորքերի ՀՀ-ում ներկայության դեմ:


Հայ-ռուսական հարաբերություններում առկա են բազմաթիվ հարցեր՝ տնտեսականից մինչև գեոպոլիտիկ, այդ թվում Փաշինյանի թիմի սորոսական հատվածի առկայության պատճառով, ինչի մասին Մոսկվայում լավատեղյակ են: Նախկինում Երևանում ՌԴ դեսպանատան դեմ բողոքի ակցիա իրականացնողներն ու մասնակիցներն այժմ դարձել են Փաշինյանի թիմի անդամ ու բարձր պաշտոններ ստանձնելով՝ խոսում են հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին:


Ինչ վերաբերվում է Ատլանտյան օվկիանոսից այն կողմ եկող ազդակներից, ապա ԱՄՆ-ից նույնպես չկան միլիարդավոր ներդրումներ հայկական տնտեսության մեջ, իսկ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել ՀՀ-ին՝ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:


Սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներ, արտագաղթող բնակչություն ունեցող երկրում անհրաժեշտ են ներդրումներ և աշխատատեղեր, այլ ոչ թե հայտարարություններ ինչ-որ բարեփոխումներին աջակցելու մասին: ԱՄՆ-ն նախկին իշխանություններին նույնպես աջակցում էր ժողովրդավարության ամրապնդման գործում և հայտարարում, որ նրանք կանգնած են հայկական պետության կողքին՝ բարեփոխումների ճանապարհին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46877