Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում. Սալոմե Զուրաբիշվիլի

«Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում, քանի որ եթե կենտրոնանանք վախի վրա, կմոռանանք մնացած ամեն ինչ»,-«TVP Info»-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն առաջին պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում:


Նրա խոսքով՝ 2008 թվականի ողբերգական իրադարձություններից հետո արդեն դժվար է ինչ-որ բանով վախեցնել վրացիներին:

«Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում, քանի որ եթե կենտրոնանանք վախի վրա, կմոռանանք մնացած ամեն ինչ և կմտածենք միայն դրա մասին: Դա սխալ ճանապարհ է, քանի որ այդպես երկիր չի կառուցվում, և այդպես զարգացման հնարավորություններ չեն հայտնվում: Մենք կենտրոնանում ենք ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման վրա»,-ասել է նախագահը:

Նա նշել է, որ Վրաստանը որպես պետություն չպետք է դիտարկվի միայն Ռուսաստանի հետ դիմակայության պրիզմայով: «Վրաստանը գոյություն ունի որպես անկախ պետություն, որը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, որն ունի իր արտաքին ու տնտեսական քաղաքականությունը: Ռուսաստանը չի որոշում ո՛չ մեր ապագան, ո՛չ մեր գոյությունը»,- հավելել է Սալոմե Զուրաբիշվիլին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46798