Լյուստրացիայի մասին օրենքը կարող է վերածվել ՀՀ-ում «վհուկների որսի»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկրում լյուստրացիա իրականացնել՝ընդունելով համապատասխան օրենքը:


«Պաշտոնական այցով Իրանում գտնվելու ժամանակ՝ Իսֆահանում մի հրաշք բան եք ասել՝ Հայաստանում չպետք է լինեն օտար պետությունների շահերին ծառայող քաղաքական գործիչներ»,-նշել է Սաֆարյանը:


ՀՀ-ում վերջին օրերին արհեստականորեն ակտիվացել են հակառուսական տրամադրությունները՝նախ սորոսական ցանցի տարբեր ակտիվիստներ սկսեցին կոչ անել Զվարթնոց օդանավակայանից դուրս հանել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության զինվորականներին: Դա նաև նախադեպ կարող էր ստեղծել ՀՀ-ից՝ ՌԴ-ի ռազմաբազայի և զինվորականների դուրս բերման համար՝ստեղծելով հանրային արհեստական պահանջ:


Սաֆարյանի կոչը ՀՀ-ում վերջ դնել օտարերկրյա գործակալական ցանցին բավականին ուշագրավ է:


ՀՀ-ում այսպես կոչված թավշյա հեղափոխությունն իրականացվել է Ջորջ Սորոսի և ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը վայելով բազմաթիվ ՀԿ-ների ու ակտիվիստների օգնությամբ, որոնք հետագայում պետական բարձր պաշտոններ զբաղեցրեցին թե կառավարությունում, թե ԱԺ-ում:


Լյուստրացիայի մասին օրենքից նախ և առաջ պետք է զգուշանա այսօրվա կառավարությունը, իսկ ԱԱԾ-ի արխիվներ բացելը և խորհրդային ԿԳԲ-ի հետ համագործակցած մարդկանց ցանկի հրապարակումը կհարվածի ՀՀ-ի անվտանգությունը՝պետական և այլ գաղտնիքի հետ կապված բազմաթիվ հարցերի, այդ թվում ԿԳԲ-ի հետ համագործակցած մարդկանց անվտանգությունը կարող է հայտնվել հարվածի տակ: Չմոռանանք, որ խորհրդային Հայաստանի ԿԳԲ՝ՊԱԿ-ը, եղել է միասնական ԽՍՀՄ ԿԳԲ-ի մի մասը՝իրականացնելով ոչ թե հակապետական, այլ պետական անվտանգությանն ու երկրի բնակչության անվտանգությանը նպաստող պարտականություններ:


Լյուստրացիայի մասին օրենք ընդունել են այն երկրները, որոնք ցանկացել են խզել իրենց կապերը խորհրդային անցյալի ու ՌԴ-ի հետ՝նախկին սոցիալիստական երկրների ճամբարի բազմաթիվ երկրներում՝Արևելյան Եվրոպայում, ընդունվել են լյուստրացիայի մասին օրենքներ: Լյուստրացիայի մասին օրենքի ընդունմանն Արևելյան Եվրոպայի երկրներում հաջորդել է դեկոմունիզացիայի մասին օրենքն ու գործողությունները՝Լեհաստան, Ուկրաինա և այլն, ինչը շատ բացասական է ընդունվել Մոսկվայի կողմից:


Սակայն ՀՀ-ն՝հանդիսանալով ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը լյուստրացիայի մասին օրենք ընդունելով կհարվածի նաև հայ-ռուսական ռազմական կապերին՝անվտանգության ծառայությունների միջև առկա կապերին ու այդպիսի օրենքի ընդունումը նախ պետք է համաձայնեցվի հատուկ ծառայությունների կողմից:


Չպետք է մոռանալ նաև ՌԴ-ի հնարավոր բացասական արձագանքի մասին՝առանց այն էլ հայ-ռուսական հարաբերություններն այս պահին բազմաթիվ ստորջրյա խութեր ունեն՝այդ թվում սորոսական տարբեր ուժերի ակտիվ հակառուսական լոբբինգի ու քարոզչության հետևանքով:


Լյուստրացիայի մասին օրենքը կարող է հանգեցնել ընդդիմախոսների դեմ պայքարի կամ վհուկների որսի, ինչը ՀՀ-ի պես փոքր և անվտանգության առումով շատ խոցելի երկրի համար՝թուրք-ադրբեջանական շրջապատում ու կիսապատերազմական վիճակ, հղի է լուրջ վտանգներով:


Լյուստրացիայի մասին օրենքը կարող է վերածվել ռուսամետ կամ ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման օգտին հանդես եկող ուժերի դեմ արշավին կամ նրանց լռեցնելու և լյուստրացիայի մասին օրենքի շրջանակներում՝քաղաքական գործունեությունից հեռու պահելու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46334