Ծառուկյանի հետապնդումը կբացի «Պանդորայի արկղը» Փաշինյանի համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին հայտնեց, որ ստուգողական գործողություններ կկատարվեն, որոնց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր կլինի տալ իրավական գնահատական:


«Այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի ու դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական», - ասաց Դավթյանը։


Ավելի վաղ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու եւ կապված քրեական հետապնդում հարուցելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։


Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը կարելի է դիտարկել իշխանությունների կողմից որոշակի մեսիջ. հետհեղափոխական ՀՀ-ում այսօրվա իշխանությունների ու ԲՀԿ-ի միջև որոշակի լարվածություն է առաջացել և այդ կերպ ԲՀԿ-ի առաջնորդին ցանկանում են պահել որոշակի լարվածության մեջ:


«Քաղաքացու որոշում»-ն, իհարկե, իշխող կուսակցություն չէ, սակայն Նիկոլ Փաշինյանը սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում կորցնում է իր բարձր վարկանիշն ու այն պահպանելու ու հիմնական հակառակորդին զսպելու մարտավորությունից ելնելով երրորդ ուժերի «ձեռքերով» որոշակի գործընթաց կարող է սկսել քաղաքական ընդդիմախոսների դեմ:


Եթե ներքաղաքական իրավիճակը շարունակի սրվել և իրոք որոշում կայացվի Գագիկ Ծառուկյանին զրկել մանդատից ու նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել, ապա ՀՀ-ում նոր, ավելի խորը ներքաղաքական ճգնաժամ է սկսվելու:


ԲՀԿ խմբակցությունը, ինչպես գրել էր այսօր մամուլը, կարող է վայր դնել մանդատներն ու փորձել խորհրդարանի աշխատանքը կոլապսի ենթարկել: Բացի այդ, Ծառուկյանը խոշոր գործարար է և կարող է տասնյակ հազարավոր աշխատակիցներ ուղղորդել դեպի կառավարության շենք ու գնալ փողոցները փակելու ճանապարհով՝ ստիպելով իշխանություններին հաշվի նստել իր քաղաքական ու տնտեսական կշռի հետ:


Սակայն եթե իրոք Ծառուկյանը զրկվի մանդատից, ապա դա նշանակում է բիզնեսի վերաբաշխման նոր փուլի մեկնարկ ՀՀ-ում՝ իշխանության մերձավոր բիզնեսմենները կարող են սկսել կիսել Ծառուկյանի բիզնես իմպերիան անցումային արդարադատության շրջանակներում:


Դրանից տուժելու են հազարավոր քաղաքացիներ, ովքեր աշխատում են Ծառուկյանի ձեռնարկություններում, ինչպես նաև կտուժի ՀՀ-ի միջազգային իմիջը՝ ներդրումներ չեն գա այն երկիր, որտեղ գործարարներին հետապնդում են ու փորձում են խլել նրանց պատկանող բիզնեսները տարբեր սխեմաներով, այդ թվում և անցումային արդարադատության քողի ներքո:


Ծառուկյանին մանդատից զրկելն ու քրեական հետապնդումը կարող է բացել «Պանդորայի արկղը» այսօրվա իշխանությունների համար, որոնց դեմ են համախմբվելու Ծառուկյանին աջակցող ուժերը, ինչպես նաև նախկին իշխանությունների համար դա կարող է ազդարարել ուժերը համախմբելու և միասնական ճակատով Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու ամենահարմար պահը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46176