ԱԺ-ում «ցեմենտային կրքեր» են բորբոքվում. Ծառուկյանը պատգամավոր է՞, թե՞ գործարար

Ազգային ժողովում իսկական «ցեմենտային կրքեր» են բորբոքվում: ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որը «ԱրարատՑեմենտ»-ի սեփականատերն է, մոռանալով պատգամավորական ու բիզնես գործունեության սահմանադրական անհամատեղելիության մասին, ԱԺ ամբիոնից բացեիբաց սեփական բիզնեսի, արտադրության լոբինգն է իրականացնում: Ոչ միայն ինքը, այլ ողջ ԲՀԿ խմբակցությունը:


Հայաստանում ցեմենտի խնդրն արդիական դարձավ այն բանից հետո, երբ իրանական ցեմենտը նաեւ պետական սուբսիդավորման միջոցով սկսեց գրավել հայկական շուկան: Ծանր վիճակում հայտնվեցին տեղական արադրողները:


ՀՀ-ն ունի ցեմենտի երկու տեղական արտադրող՝ «Արարատցեմենտը» և «Հրազդանցեմենտը»: Քննարկվող օրինագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։


Այդ ժամանակ «ԱրարատՑեմենտ» գործարանի ղեկավարությունն աշխատանքից ազատման ծանուցագրեր էր ուղարկել գործարանի 1200 աշխատակցի: Ըստ տնօրինության պարզաբանման, ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, և իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։


Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանում ստեղծված իրավիճակի «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»:


Կլինկերը ցեմենտի արտադրության մեջ ամենաթանկ բաղադրիչն է:


Այնուհետեւ սակայն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է, որ կրճատումներ չեն լինի: «Ծանուցագրերը ճղեք, թափեք», - ասել էր Ծառուկյանն աշխատակիցներին: Ծառուկյանը նույն խնդիրի վերաբերյալ քննարկումներ էր ունեցել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ազգային ժողովում քննարկումները բուռն էին: ԲՀԿ-ականները պնդում են, որ կլինկերի վրա մաքսատուրքի չկիրառումը կհանգեցնի տեղական արտադրողների սնանկացման, իսկ կլինկեր ներկրողները նշում են, որ Ծառուկյանն ուղղակի շանտաժ է անում՝ ցանկանալով հասնել շուկայում մոնոպոլ դիրքերի:


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ «ԱրարատՑեմենտ» գորարանի շուրջ ստեղծված իրավիճակին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեղադրանքներին:


«Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով, ինչպես 17 տարի առաջ $200,000-ով ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը: Դա այն դեպքում, երբ կային $35 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվել են այն ժամանակ», - ասել է իշխանական պատգամավորը:


Այս հայտարարությանը կտրուկ պատասխանեց Գագիկ Ծառուկյանը: «Ով ապացուցի, որ գործարանը $200,000-ով եմ գնել, նրան նվեր կտամ այն: Բայց եթե չապացուցվեց այդ պնդումը, ապա այդ պատգամավորը պետք է պատասխան տա», - ասել է Ծառուկյանը:


ԲՀԿ-ական պատգամավորները նաեւ հիշեցնում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարած «տնտեսական հեղափոխության» համատեքստում Ծառուկյանի արած քայլը: «Ծառուկյանը որպես առաջին ռեալ քայլ այդ ուղղությամբ ցեմենտի մեկ տոննայի գինը հիսուն հազարից իջեցրեց քառասուն հազար դրամ: Սա ռեալ քայլ է, ոչ թե տնտեսական հեղափոխության մասին խոսակցություն», - ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ պնդելով, որ պետությունը պետք է միանշանակ պաշտպանի տեղական արտադրողին:


Հիշեցնենք, որ Ծառուկյանի հանձնարարությամբ, հունվարի 1-ից իջեցվել են ցեմենտի գները: Գործարարը հանձնարարել է նաև արդիականացնել «Արարատցեմենտ» գործարանը:


ԲՀԿ-ական պատգամավորներին բավականին կոշտ պատասխանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հիշեցնելով շահերի պալանսավորման եւ պատգամավորի՝ բիզնես գործունեությամ զբաղվելու սահմանադրական արգելքի մասին:


«Եթե խոսեցնենք շինարարներին, մի բան են ասում, եթե խոսեցնենք արտադրողներին, մեկ այլ բան են ասում, արտադրողներն իրար մեջ՝ տարբեր բաներ են ասում: Դրա համար մենք պետք է վստահ լինենք թե՛ ներկրվող, թե ՛արտահանվող, թե՛ արտադրվող ցեմենտի որակի հետ կապված»,- ասաց նա:


Նա անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, թե տեղական արտադրությունը պետք է անպայման խթանել, նկատելով, որ եթե այդպես լիներ, ապա պետք է, օրինակ՝ տեղական արտադրության հեռախոս լիներ բոլորի մոտ: «Ուզում եմ ասել, որ ամեն ինչ պետք է կշռադատվի»,- ասաց նա:


Նա «զուտ բարեկամական խորհուրդ» տվեց «ԲՀԿ-ի պատգամավորներին: «Երբ Դուք ասում եք, որ Ծառուկյանը այսքան գին իջեցրեց, դուք անուղղակիորեն պարոն Ծառուկյանի կարգավիճակը իջեցնում եք պատգամավորի: Իսկ գործարարը չի կարող պատգամավորությամբ զբաղվել: Խնդրում եմ, այսպիսի վատություն մի արեք պարոն Ծառուկյանին»,- ասաց նա:


ՀՀ Սահմանադրություն հոդված 95-ում, որը վերաբերում է պատգամավորական մանդատի անհամատեղելիությանը, նշվում է. 


«Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45614