«Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չկա. փոխվարչապետ

«Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում: Խոսքը աշխատանքի օպտիմալացման մասին է, որը եթե լինի էլ, ապա պետք է կատարվի կառավարման համակարգի զարգացման հաշվին: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի հարցին, թե որքանով են համապատասխանում մամուլում շրջանառվող լուրերն իրականությանը և արդյոք ընկերությունում առաջիկայում սպասվում է օպտիմալացում:

«Խոսքը «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումների մասին չէ, այլ աշխատանքի օպտիմալացման: Տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման կրճատումները տրամաբանական են»,- ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նաև վստահություն հայտնեց, որ մամուլում առկա լուրերը` հազարավոր մարդկանց կրճատումների մասին, չեն համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ օրեր առաջ «Գազպրոմ Արմենիան»-ում տեղի ունեցած ժողովի արդյունքում որոշվել է կրճատումներ սկսել: Մասնավորապես, որոշվել է 50%-ով կրճատել 150 հազար դրամ ստացող տեսուչների հաստիքները, 30%-ով՝ 130 հազար դրամ ստացող փանակագործենրի հաստիքները եւ միայն 10%-ով կրճատել վարչական ապարատը: Այստեղ էլ ընտրել են ամենացածր՝ 130 հազար դրամ ստացող աշխատակիցներին:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45506